Ինձ համար այս դատավարությունը 1998 թվականին սկսված վեճի շարունակությունն է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև
քարեր էին նետում ոստիկանների վրա: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ խոսելով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննության, հասարակության ու իշխանությունների քայլերի մասին:
«Ես երեկ իմ ելույթում էլ ասացի, որ Մարտի 1-ի գործն ըստ էության բացահայտվում էր նախկին իշխանությունների ժամանակ, ու Լևոն Տեր-Պետրոսյանը, լավ հասկանալով դա, գնաց բանակցությունների Սերժ Սարգսյանի հետ: Նրանք զոհերի հարազատներին իրենց ձեռնտու տեղեկատվությունն էին տվել»:
Արամ Հարությունյանը ներկայացրեց 2015 թվականին հենց Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» կայքում տեղ գտած մի հոդված, որում զոհերի իրավահաջորդները, ըստ Հարությունյանի՝ ուղորդված լինելով Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, մեղադրում էին Նիկոլ Փաշինյանին, որ նա ոչ մի անգամ չէր այցելել իրենց երեխաների շիրիմներին, չէր հետաքրքրվել զոհերի հարազատների վիճակով, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ մեղադրում էր Սերժ Սարգսյանին ու Պետրոսյանին՝ զոհերի հարազատներին իր դեմ տրամադրելու համար (հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ):
«Աբողջ խնդիրն այն է, որ ՀԱԿ-ը իր գործելաոճը շարունակում է նաև հիմա, երեկ դատավարության ժամանակ տեսանք այդ ամեն ինչը, տեսանք, թե զոհերի հարազատներին ինչպես էին ուղորդել, նրանց մեծ մասը, թող ինձ ներեն, բայց այդքան իրավագիտակցություն չունեն, իսկ նրանց փաստաբաններն էլ դիտավորյալ չեն զեկուցում գործի մանրամասների մասին: Պատահական չէ, որ տեսնում ենք, որ իրենք անտրամաբանական հարցեր են տալիս, արտահայտություններ են անում: Ինձ համար այս դատավարությունը 1998 թվականին սկսված վեճի շարունակությունն է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև: Նիկոլ Փաշինյանն այսօր այդ կռվից դուրս է, չնայած ամեն ինչ արվում է նրա ձեռքով, բայց ի վերջո ամեն ինչի հետևում կանգնած է Լևոն Տեր-Պետրոսյանը»:
Ըստ Հարությունյանի 2 վարկած կա Մարտի 1-ի գործի համար: Կամ ամեն ինչ կազմակերպվել է արտաքին թշնամի ուժերի կողմից, կամ ընդիմությունն է կանգնած գործի հետևում:
«3-րդ վարկած չի կարող լինել: Իշխանությունը չէր կարող կրակելու հրաման տալ, քանի որ 10-20 հազար հավաքված մադու վրա եթե կրակելու հրաման տրվեր, ապա մենք ոչ թե 10 զոհ կունենայինք, այլ շատ ավելի շատ: Մարտի 1-ը ձեռնտու էր ընդիմությանը, և մինչ օրս էլ ՀԱԿ-ը գոյատևում է մարտի 1-ի շնորհիվ»,-հավելեց Արամ Հարությունյանը: