Հայերեն   English   Русский  

Թանգարանը հյուրընկալել է Թումանյան տոհմի սերնդներին՝ նշելու Մեծ լոռեցու 150-ամյակը


  
դիտումներ: 715

Հովհաննես Թումանյանի հոբելյանի կապակցությամբ սեպտեմբերի 13-ին գրողի թանգարանն իր հարկի տակ էր հյուրընկալել նրա տոհմի սերունդներին` նշելու մեծն լոռեցու 150-ամյակը:

Թումանյանի թանգարանը մի խորհրդավոր վայր է, որտեղ ապրում է Թումանյանի իմաստուն ոգին, որտեղ հսկում է նրա ամենատես աչքը: Նա մեծ հումանիստ է, գրող, թարգմանիչ, հեքիաթագիր և փիլիսոփա:

Նրա կյանքի կարճ, բայց անսահման հարուստ տարիների մասին կպատմեն ձեզ անցյալի վկայությունները, որ խնամքով պահվում են թանգարանում: Բայց չկարծեք, թե դրանք սոսկ անցյալի քարացած պատկերներ են: Ոչ, այստեղ անցյալը շնչում է , դառնում ներկա և օգնում մեզ տեսնել ապագան: Թումանյանը կտրում է մեր հայացքը հողից, բարձրացնում է վեր՝ դեպի Տիեզերք, դեպի հավերժություն: Այնտեղ, ուր Ճշմարտությունն է:

Թումանյանի թոռնուհի Իռմա Սաֆրազբեկյանը, ներկայացնելով գրողի ժառանգներին, ասաց, որ ոչ բոլորն են կարողացել գալ միջոցառմանը:

«Արական սեռի ներկայացուցիչներից այստեղ են Հովհաննեսը, Արեգը և իմ որդին` Ռուբեն Քանքանյանը: Ներկա են Անահիտը, Տատյանան: Մենք` մեծերս, պարտավոր ենք շարունակել Թումանյանի գործն ու նպաստել նրա հանրահռչակմանը»,-նշեց Սաֆրազբեկյանը:

Խոսելով գրողի հոբելյանի առթիվ հրատարակված գրքերի մասին` թոռնուհին ընդգծեց, որ Հովհաննես Թումանյանի կյանքում մշտապես եղել են մարդիկ, որոնք օգնել են նրան ապրել ու գործեր լույս ընծայել: Նրանցից էր Մարիամ Թումանյանը: «Բարեկամության և բարեգործության ավանդույթը կարծես շարունակվում է: Մեզ աջակցել է Գագիկ Ծառուկյանը, որի շնորհիվ վերանորոգվել է Դսեղում Թումանյանի տուն-թանգարանը, ռուսերենով հրատարակվել է Թումանյանի «Հատընտիր»-ը»,-ասաց նա:

Թումանյանի 150-ամյակին նվիրված գրքերի շարքում իր ուրույն տեղն ունի նաև «Հոբելյանական ընտրանի» գիրքը, որը կազմել է «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը:

Նա շեշտեց, որ փորձել են նորովի ներկայացնել թումանյանական ստեղծագործությունները: «Առաջին անգամ է մոտավորապես 600 էջի սահմանում լույս տեսնում Թումանյանի ընտրանին: Նախկինում դրանք հրատարակվել են հատորներով: Կարծում եմ` այն ընթերցողին ամբողջական պատկերացում կտա Թումանյանի ստեղծագործության մասին` բանաստեղծություն, քառյակներ, պոեմներ, հեքիաթներ, հրապարակախոսական գործերից նմուշներ»,-նշեց Երիցյանը:

Նա հայտնեց, որ նախաձեռնում են հրատարակել նաև «Թումանյանը քննադատ» գիրքը, որը բացառապես նվիրված է գրողի հրապարակախոսությանը:

Թումանյանի որդի Արեգի թոռը` Արեգը, խոսելով թանգարան այցելության մասին, նշեց, որ այն իր տունն է:

«Դպրոցական արձակուրդներին հաճախ էի գալիս Հայաստան և ամեն շաբաթ այցելում էի թանգարան: Այստեղ զգում եմ ինձ ինչպես իմ տանը»,-ընդգծեց Արեգը:

Հովհաննես Թումանյանի թանգարան

Նշենք, որ մինչ այդ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ժառանգերին՝ ուղեկցությամբ բ. գ. դ., պրոֆ. Սերգո Երիցյանի:

Սերգո Երիցյանը, Նորին Սրբությանը ներկայացնելով բանաստեղծի ժառանգներին, տեղեկացրեց, որ Հայաստան են ժամանել մասնակցելու Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումներին:

Այնուհետև Վեհափառ Հայրապետն իր հայրական օրհնությունը բերեց հյուրերին՝ ուրախություն հայտնելով հայրենիքում բանաստեղծի ժառանգներին միասնական և համախմբված տեսնելու առիթով: Քաղցրությամբ հիշելով բանաստեղծի զավակների հետ Մոսկվայում իր հանդիպումներն ու զրույցները` Նորին Սրբությունն ընդգծեց, որ Թումանյանի թողած ժառանգությունը համամարդկային է և անգնահատելի է նրա վաստակը հայ ժողովրդի կյանքում` հավելելով, որ նրա ստեղծագործությունները սիրելի և ուսանելի են յուրաքանչյուր հայորդու համար: Վեհափառ Հայրապետը նշեց, որ առաջիկայում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ևս տոնախմբվելու են մեր ժողովրդի երկու մեծերի` Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի հոբելյանները:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հետաքրքրվեց Թումանյանի ժառանգներից յուրաքանչյուրի գործունեությամբ, ծանոթացավ վերջին հոբելյանական հրատարակություններին, ապա մաղթեց, որ մշտապես նախանձախնդիր լինեն բանաստեղծի թողած ժառանգության հանդեպ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: