«Օլիմպիադաների մեդալները չափում են առանձին երեխաների հաջողությունը, բայց ոչ կրթական համակարգի»․ Սերոբ Խաչատրյան
«Մեդալների որակը պահում ենք, և արդեն հաջորդ տարի ոսկու խնդիր պետք է դնել»,- հայտարարել էր նախարար Ա․ Հարությունյանը՝ անդրադառնալով մաթեմատիկայի օլիմպիադային:
Նկատի ունենալով նախարարության բուռն արձագանքը մեր դպրոցականների հաջողություններին՝ հարց է առաջանում՝ որքանո՞վ են օլիմպիադաներում հաջողություններն արտացոլում հանրակրթության որակը մեր երկրում։
Հարցի պատասխանն «Անկախը» փորձել է ճշտել կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանից։
«Արդեն վաղուց կրթության ոլորտում ընդունված է, որ օլիմպիադաների մեդալները չափում են առանձին երեխաների հաջողությունները, բայց ոչ կրթական համակարգի։ Այսինքն եթե ինչ-որ երեխաներ մեդալ են ստանում, դա նշանակում է՝ իրենք տաղանդավոր են և կա մի քանի դպրոց՝ երկու-երեք դպրոց, որոնք այդ տաղանդը զարգացնում են և հասցնում բարձր մակարդակի»,- ասում է Խաչատրյանը։
Կրթության փորձագետը նշում է՝նախկինում եղել է ժամանակ, երբ օլիմպիական մեդալների թիվն ազդում էր կրթության որակի գնահատման վրա։ Բայց ներկայում մոտեցումները փոխվել են և օլիմպիական մեդալը համարվում է առանձին երեխայի և առանձին դպրոցի ձեռքբերումը։
«Աշխարհում կան շատ երկրներ, որոնք ամենևին էլ առաջնային չեն համարում օլիմպիական մեդալները։ Նրանք փորձում են շեշտը դնել այնպիսի կրթության վրա, որը լավ կլինի բոլոր երեխաների համար»,- ասում է Խաչատրյանը։ Նա, սակայն, կարևորում է նաև օլիմպիադաները՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տաղանդավոր երեխաների համար դառնալու լավ գիտնականներ։ Խաչատրյանը, խոսելով հայ դպրոցականների միջազգային հաջողությունների մասին՝ մեկ այլ կարևոր հարց է բարձրացնում՝ արդյոք կարողանալու ենք նրանց պահել Հայաստանում։
«Հայաստանը պետք է մտածի՝ ինքը կարողանալու է այդ լավ գիտնականներին պահել, թե այս ամենը մենք անում ենք ուրիշ երկրների համար։ Այսինքն՝ աճեցնում ենք այդ երեխաներին, կրթություն ենք տալիս, նրանք մեդալներ են նվաճում և աշխարհի լավագույն համալսարանները և բիզնեսները նրանց տանում են արտասահման»,- ասում է Խաչատրյանը։-Դա լավ բան է, գիտական մտքի սաղմեր ես ստեղծում, այդ երեխաները կարող են գիտնական դառնալ։ Հաջորդ քայլը բուհական համակարգինն է, որ կարողանա այդ երեխաներին պահել Հայաստանում և ապահովել լավ աշխատանքով, եթե դա չանենք, կգնան ուրիշ տեղեր»,- ասում է նա։
Երբ ուսումնասիրում ենք, թե որ դպրոցների սաներն են օլիմպիական մեդալները Հայաստան բերողները, պարզվում է, որ խոսքը երեք դպրոցների մասին է։ Այսպես այս տարի Թել Ավիվում կայացած Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականները նվաճել են 5 բրոնզե մեդալ։ Մեդալակիր բոլոր աշակերտները ներկայացնում են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը։
Սլովենիայի Մարիբոր քաղաքում Եվրոպայի ինֆորմատիկայի պատանիների օլիմպիադայում հայ դպրոցականները նվաճել են 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ։ Մեդալակիր աշակերտները Քվանտ վարժարանի և Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի սաներ են։
Փարիզում կայացած Քիմիայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է 1 բրոնզե մեդալ և մեկ գովասանագիր։ Այս անգամ միջազգային ասպարեզում հաջողություն գրանցած աշակերտները ներկայացնում են«Հերացի» ավագ դպրոցը։
Հունգարիայում տեղի ունեցած Աստղագիտության և աստղաֆիզիկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայումհայաստանցի դպրոցականները նվաճել են2 արծաթե և 3 բրոնզե մեդալ։Մեդալակիր բոլոր աշակերտները ներկայացնում ենԱ․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը։
Լոնդոնում տեղի ունեցած մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականները վաստակեցին երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ և երկու գովասանագիր։ Այս դեպքում էլ մեդալակիր բոլոր աշակերտները ներկայացնում ենԱ․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը։
Մեգապոլիսների 4-րդ միջազգային առարկայական օլիմպիադայումհայ դպրոցականները նվաճել են 4 արծաթե և 3 բրոնզե մեդալներ։ Խոշոր քաղաքները ներկայացնող աշակերտները մրցում էին «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա» առարկաներից։
Հեղափոխությունից հետո, երբ տարաձայնություն էր առաջացել «Այբ» հիմնադրամի հետ, նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ դեմ է դպրոցների էլիտարացմանը, որ պետք է աշխատել դպրոցների համար հավասար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ։ Բնականաբար, հարց է առաջանում՝ արդյոք ԿԳՄՍ-ն քայլեր ձեռնարկում է դպրոցների համար հավասար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ և կարո՞ղ է արդյոք գյուղական կամ որևէ փոքր քաղաքի դպրոցի տաղանդավոր երեխան նույն հաջողությունն ունենալ միջազգային օլիմպիադաներում։
Խաչատրյանի խոսքով՝ դպրոցներ կան, որոնք կարևորում են օլիմպիադաները։ Եվ դա բազմազանություն և աշակերտի համար ընտրության հնարավորություն է ստեղծում։ Կրթության փորձագետը նաև նշում է՝ եթե դպրոցներին հավասար հնարավորություն տրվի, ապա գյուղական դպրոցի շարքային երեխան էլ, որ տաղանդավոր է, իր տաղանդը զարգացնելու և դրսևորելու հնարավորություն կունենա։
Նա, միևնույն ժամանակ ասում է․ «Այդ մակարդակի հասնելու համար նախ այդ երեխան շատ տաղանդավոր պետք է լինի, երկրորդը, այդքան շատ չեն ուսուցիչները, որ կարողանան այդ երեխաներին աճեցնել։ Եվ ես դա պարտադիր չեմ համարում։ Աշխարհում շատ երկրներ կան, որ լավ կրթություն ունեն, բայց օլիմպիադաներից առանձնապես հաջողություն չունեն»։
Նա նաև նշում է, որ հայաստանյան դպրոցների համար դեռևս հավասար հնարավորություններ չեն ստեղծվել։ «Ես շատ կուզենայի, որ նախարարությունն օրինակ՝ երթևեկող ուսուցիչներին, այսինքն գյուղից գյուղ կամ քաղաքից գյուղ գնացող ուսուցիչներին գոնե ճանապարհային գումար տար։ Այսօր շատ ուսուցիչներ չեն ուզում գնալ որևէ գյուղում աշխատել, որովհետև տրանսպորտի գումարը կարող է կազմել իրենց աշխատավարձի 30-50 տոկոսը։ Եթե այդպիսի քայլ արվի, որոշ ուսուցիչներ կուզենան գնալ գյուղում աշխատել, և դա գյուղի երեխաների կրթության, համաչափ զարգացման համար կարևոր քայլ կլինի։ Կարծում եմ, այդտեղ մեծ գումար էլ պետք չէ»,- ասում է Խաչատրյանը։