Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը
Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ սեպտեմբերի 12-ին կայացել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը:
Նիստի ընթացքում Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Ամիսներ առաջ պաշտպանները ներկայացրել են նաև գրավի կիրառման վերաբերյալ միջնորդությունը, որը քննության չի առնվել:
Փաստաբաններ Արամ Օրբելյանը և Արամ Վարդևանյանը, հղում անելով Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ին կայացրած որոշմանը, նշել էին, որ Քոչարյանի կալանքը հիմնավոր չէ:
Մեղադրող կողմի կարծիքով՝ ՍԴ որոշումը այս գործին վերաբերելի չէ, պաշտոնաթող նախագահին չեն մեղսագրվում գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից, հետևաբար, Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան: