Իսպանիայի թագավորը վարչապետի թեկնածու չառաջադրեց, ինչը հղի է նոր ընտրություններով
Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով թագավորական պալատի հաղորդագրությանը:
Հաղորդագրությունում նշված է, որ թագավորի որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ կուսակցությունների ղեկավարների մեջ չկա գեթ մեկը, որ բավարար աջակցություն ունենա վարչապետի պաշտոնում հաստատվելու համար: Ուստի Ֆիլիպ VI-ը վարչապետի թեկնածություն չի առաջադրում:
Իսպանիայում արդեն գրեթե հինգ ամիս կառավարությունը պաշտոնակատարի կարգավիճակով է, քանի որ ապրիլի 28-ին կայացած ընտրությունների արդյունքներով չհաջողվեց հաստատել ապագա կառավարության ղեկավարին: Վարչապետի գլխավոր հավակնորդը համարվում էր Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության (ԻՍԲԿ) առաջնորդ Պեդրո Սանչեսը:
Ըստ երկրի սահմանադրության, եթե կուսակցություններին չհաջողվի հմաձայնության գալ մինչև սեպտեմբերի 23-ը, կարձակվեն խորհրդարանի երկու պալատները և կնշանակվեն արտահերթ համընդհանուր ընտրություններ, որոնք տեղի կունենան նոյեմբերի 10-ին: ԻՍԲԿ-ն չի կարող ինքնուրույն հաստատել Սանչեսին վարչապետի պաշտոնում, քանի որ խորհրդարանի աթոռների բացարձակ մեծամասնությունը ձեռք չի բերել:
Սոցիալիստների բանակցությունները իրենց գլխավոր հնարավոր դաշնակցի՝ «Պոդեմոս» («Մենք կարող ենք») ձախ կուսակցության հետ հաջողությամբ չեն պսակվել: Քաղաքական ուժը թելադրում է կոալիցիոն կառավարություն ձևավորել ԻՍԲԿ-ի հետ, ինչին դեմ է սոցկուսակցությունը: