Հակահրեականության պիտակ՝ հին-նոր գործիք հայության դեմ
Ինչո՞ւ են ծայրահեղ աջերը, Ամերիկայից Ավստրալիա և Հունգարիայից մինչև Հոնդուրաս, համոզված, որ հրեական ծագումով մուլտիմիլիարդատեր և ընդհանուր առմամբ բարեգործությանը 32 մլրդ դոլար նվիրաբերած Ջորջ Սորոսը համաշխարհային դավադրության առանցքային գործիչն է: Այս հարցի պատասխանն է փորձում տալ սույն հրապարակման հեղինակ Մայք Ռուդինը և հիմնավորել այն տեսակետը, որ Սորոսին վերագրվող մեղքերը գուցե ուճռացված են և շատ հաճախ մտացածին: Հարցը հեղինակի համար առանձնակի կարևորություն ունի այն առումով, որ իր համոզմամբ՝ հակասորոսականությունն ուղղակիորեն հանգում է հակահրեականության, ինչի դրսևորումները հետզհետե ավելի ու ավելի մտահոգիչ են դառնում:
Իհարկե, ինչպես յուրաքանչյուր կարծիք, այս մեկը նույնպես գոյության իրավունք ունի, մանավանդ որ հատկապես իրատեսների ու դավադրության տեսությանը տուրք չտվողների համար դժվար է հավատալ, որ աշխարհում տեղի ունեցող յուրաքանչյուր անախորժ իրադարձության հետևում կարող է կանգնած լինել մեն-միակ անձնավորություն, որքան էլ հզոր ու չարամիտ լինի նա: Այլ հարց է, թե ինչպես է այդ կարծիքը հիմնավորվում:
Հոդվածագիրը փաստերի շարադրանքը սկսում է անցած տարվա աշնանը Սորոսի ստացած ծանրոցի դեպքից և մի մարդու վկայության ու սոցցանցի գրառման հիման վրա եզրակացնում, որ այն առաքող Սեզար Սայոքը դավադրությունների տեսությանն անվերապահորեն հավատացող մոլեռանդ էր: Այնուհետև, որպեսզի ցույց տա, որ Սորոսը կապ չի ունեցել անցած տարվա աշնանը Հոնդուրասի գաղթականների քարավանի կազմակերպման հետ, դարձյալ հղում է անում մի գաղթականի վկայությանը: Եվ այսպես շարունակ: Որոշ դեպքերում էլ, Սորոսին վերագրվող մեղքը հերքող վկայություն չգտնելով (օրինակ՝ 1992 թ. Բրիտանիայի բանկի հետ կապված հայտնի մեքենայությունը, ինչի հետևանքով շատերը կարծում են, որ Սորոսը թալանել է Անգլիայի բանկը), շտապում է հիշեցնել, որ իր գործունեության ամբողջ ընթացքում Հունգարիայից արտագաղթած, Հոլոքոստը վերապրած և կոմունիստներից փախած էմիգրանտը ֆինանսական շահարկումների արդյունքում վաստակած գումարները ծախսել է հազարավոր կրթական, բժշկական, մարդու իրավունքների և ժողովրդավարական ծրագրերի վրա:
Եվ իր բերած հիմնավորումներից հետո Ռուդինն անցնում է հրապարակման հիմնական թեզին՝ Սորոսի հասցեին արվող մեղադրանքների և հակահրեականության անմիջական կապին, որի ջահակիրները սպիտակ ռասայի գերակայության գաղափարի կողմնակիցներն են. «2018 թ. հոկտեմբերի 27-ին՝ ներգաղթյալների «քարավանի» դավադրության տեսության հայտնվելուց 11 օր անց և Սորոսին ուղարկված պայթուցիկ սարքի հայտնաբերումից 5 օր անց, ինքնաձիգով և ատրճանակներով զինված մի սպիտակամորթ մարդ մտավ Պիտսբուրգ քաղաքի սինագոգ և սպանեց 11 հրեայի։ Սա ամերիկյան պատմության մեջ հակասեմականության ամենադաժան դրսևորումն էր, և այն իրականացրեց Սորոսի թեմայով խելակորույս մարդը [Ռոբերտ Բոուերս-Ա.Հ]»,- արձանագրում է Ռուդինը:
Սորոսի հասցեին արվող մեղադրանքների և հակահրեական ահաբեկչության կապի մասին իր ակնարկը ավելի հիմնավոր ու ծանրակշիռ դարձնելու համար Ռուդինը հղում է անում Համացանցում կործանարար ազդեցության ուսումնասիրության ինստիտուտի ղեկավար Ջոել Ֆինկելշտեյնին, ըստ որի՝ սպիտակ ռասայի գերակայության գաղափարի կողմնակիցները Սորոսին համարում են հրեական գաղափարախոս, որը ղեկավարում է հետնաբեմից:
Ամենաուշագրավը, սակայն, Հունգարիայի օրինակն է, որտեղ Սորոսը, վարչապետ Օրբանի ջանքերով, այսօր թիվ 1 թշնամի է համարվում: Եվ ո՞վ է հուշել Օրբանին որպես թշնամի ընտրել Սորոսին: Պարզվում է՝ մի ուրիշ Ֆինկելշտեյն՝ Արթուր Ֆինկելշտեյնը, երբ Հունգարիայի ղեկավարին անհրաժեշտ էր խորհրդատվություն վերընտրվելու համար: Մի մարդ, որ իր կյանքում լավ վաստակել է՝ աշխատելով Թրամփի, Ջորջ Բուշ ավագի, Ռոնալդ Ռեյգանի և Ռիչարդ Նիքսոնի համար, մի մարդ, որ քաղաքականության Finkel Think ոճի հեղինակն է, ըստ որի՝ հաջողության հասնելու համար կարևոր է պայքարել ոչ թե երևույթի, այլ դրա հետ կապված անձի դեմ՝ հրեշացնելով նրան: «Եվ զավեշտական է, որ ինքը՝ Արթուր Ֆինկելշտեյնը, հրեա էր»,- գրում է Ռուդինը և մեջբերում Das Magazin շվեյցարական պարբերականի թղթակից Հաննես Գրասեգերի միտքը. «Հրեական ջենթլմենը ստեղծեց հրեական հրեշ»:
Ինչպես գիտենք, Վիկտոր Օրբանը մեծ առավելությամբ հաղթանակ տարավ, իսկ ընտրություններից հետո փակվեց Բուդապեշտի «Բաց հասարակության» գրասենյակը: Սակայն խնդիրն այն է, ըստ հոդվածագրի և նրա մեջբերած որոշ գնահատականների, որ այստեղ հակասորոսական շարժումն արդեն ռասայական կարծրատիպերի վերականգնման դրսևորումներ է ստանում, այն կարծրատիպերի, որոնք օգտագործվել են 1930-ական թթ. հակասեմական ատելությունը բորբոքելու համար:
Հայաստանը հակասեմականության կենտրո՞ն
Կարելի էր առհասարակ այս հրապարակմանը չանդրադառնալ, եթե դրա հեղինակը չնշեր, որ Սորոսին չարագործ են ներկայացնում ոչ միայն ԱՄՆ-ում, այլև շատ ուրիշ երկրներում, և դրանց շարքում առաջինը չնշեր Հայաստանը, և եթե գրեթե միաժամանակ՝ մի շաբաթ անց, երևան չգար հունիսի 24-ին Jerusalem post-ում հրապարակված մի հոդվածի արտատպությունը («Հայաստանը՝ պետական հակասեմականության նոր կենտրոն»:
Ի՞նչ գաղափար է ուզում տարածել Հայաստանը հակահրեականության նոր կենտրոն հռչակող սույն հոդվածի հեղինակ Ջեսսի Բոգները:
«Իսլամական ահաբեկչության ֆոնին և արաբա-իսրայելական կոնֆլիկտի լարվածության հետ կապված՝ ենթադրվում է, թե Իսրայելն առավել ամուր դաշինքներ կունենա այն ազգերի հետ, որոնց բնակչության գերակշիռ մասը քրիստոնյա է, քան այն պետությունների, որտեղ մեծամասնությունը մահմեդական է,- գրում է նա:- Բայց փաստերը տեղերում երբեմն ցուցադրում են իրերի ուրիշ դրություն, հատկապես Հայաստանում՝ աշխարհում քրիստոնեության հնագույն պատվարներից մեկում»:
Այնուհետև նշում է, որ գոյություն ունեն բազմաթիվ վկայություններ առ այն, որ հայ հասարակությունը պարբերաբար հակահրեականություն է դրսևորում: Եվ այս աղաղակող կեղծիքը հիմնավորելու համար նա վկայակոչում է իբրև թե 2018 թ. մի ամերիկյան քաղաքական հետազոտությունների կենտրոնի՝ Pew Research Center-ի անցկացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, ըստ որոնց՝ հայերի 32 տոկոսը չի ցանկանում, որ հրեաներն իրենց երկրի քաղաքացի լինեն: Բացի այդ, հղում է անում դարձյալ Միացյալ Նահանգներում գործող «Հակաանվանարկման լիգա» (The Anti-Defamation League) հրեական հասարակական կազմակերպության «Global 100. հակասեմականության ինդեքսը» հետազոտությանը, որը ցույց է տվել, որ հայերի մեծամասնությունը զանազան հակասեմական կարծրատիպերը համարում է «ավելի շուտ իրականությանը համապատասխանող»:
Սա է հոդվածագրի հիմնավորումը: Դեռ մի կողմ թողնենք հիշատակված հետազոտությունների արժանահավատությունը: Եթե պայմանականորեն ընդունենք, որ դրանք կատարվել են մասնագիտական բարեխղճությամբ, ապա մի՞թե մի դեպքում բնակչության մեկ երրորդի, մյուս դեպքում անորոշ «մեծամասնության» թեական և ակնհայտ չեզոք պատասխանից կարելի է եզրակացնել հակահրեականության կենտրոնի մասին, այն էլ՝ պետական մակարդակով: Սա էլ բավական չէ, հեղինակը Հայաստանում հակահրեականության կենտրոնի «ծաղկումը» հիմնավորելու համար ցատկում է Երուսաղեմ և մեջտեղ բերում հայ հոգևոր վարժարանի սաների և ծայրահեղ օրթոդոքս հրեական համայնքի ներկայացուցիչների վերջին ընդհարման դեպքի մասին կեղծ տեղեկատվությունը՝ գիտակցաբար վրիպելով այն փաստը, որ այդ տեղեկությունը հերքվել է, միջադեպը տեղի է ունեցել ծայրահեղականների հերթական սանդրանքի պատճառով, որ այդ միջադեպի կապակցությամբ Քնեսեթի անդամները, կրոնական համայնքների ներկայացուցիչները և Իսրայելի ոստիկանությունը ներողություն են խնդրել Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանից:
Նշելով, որ «Հայաստանը ջանում է պետական մակարդակով արդարացնել Հոլոքոստը, իսկ հայկական ԶԼՄ-ները մշտապես ցուցադրում են հակաիսրայելական և հակասեմական միտումներ», հոդվածագիրը որևէ հակահրեական հրապարակման, հրեաների դեմ որևէ հայ պետական կամ քաղաքական գործչի հայտարարության, մանավանդ իրենց նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի մասին Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչների տեղեկության հղում չի տալիս: Եվ դա բնական է, դրանք պարզապես չկան:
Իսկ երբ հետագա շարադրանքում Հայաստանին հակադրվում է Ադրբեջանը որպես աշխարհիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականությամբ տոգորված բացառիկ երկիր, ի հայտ են գալիս և՛ այս հրապարակման նպատակը, և պատվիրատուն: Հրեաների անթաքույց սերը ադրբեջանցիների նկատմամբ, այսպիսով, բացատրվում է ադրբեջանցիների հրեասիրությամբ և հայերի հրեատյացությամբ, էլ ինչպե՞ս արդարացնեն, որ ադրբեջանցիներն ամեն օր (մանավանդ ապրիլյան պատերազմի օրերին) հրետակոծում են հայերին Արցախի և մայր Հայաստանի սահմանին նաև իսրայելական զենքով: Բայց անկեղծ ասած, երբ կարդում ես, որ «հրեական համայնքը Ադրբեջանում ավելի քան երկու հազար տարվա պատմություն ունի», իսկ Հայաստանում «մինչ օրս ուժեղ են վաղնջական եկեղեցական հակասեմականության վերապրուկները», հակվում ես այն մտքին, որ սույն հոդվածը նույնիսկ պատվիրված չէ, այլ գրված է զտարյուն ադրբեջանցու ձեռքով:
Սակայն պետք է արձանագրել, որ հայերին հակահրեականության շինծու պիտակ փակցնելու և դրանով իսրայելա-ադրբեջանական սիրախաղն արդարացնելու փորձերը պարապ և անպտուղ ջանքեր են և ընդամենը կարող են ուսումնասիրության նյութ ծառայել իրենց իսկ հիշատակած «Հակաանվանարկման լիգայի» համար որպես անվանարկման ցայտուն օրինակ:
Ինչ վերաբերում է Սորոսին և առաջին հոդվածում ակնարկված հակասորոսական շարժմանը Հայաստանում, ապա հարկ է, որ օտարազգի հեղինակները մեկընդմիշտ ի գիտություն ընդունեն, որ այն որևէ աղերս չունի այն շարժումների հետ, որոնք առկա են արևմտյան երկրներում, մանավանդ Միացյալ Նահանգներում կամ Հունգարիայում:
Այո, մեզանում նման շարժում գոյություն ունի, սակայն այստեղ խոսում են ոչ թե որոշակի Ջորջ Սորոսի և նրա կարծեցյալ դավադրության, այլ այսպես կոչված սորոսականների մասին, մարդկանց տեսակի, այն անձանց, որոնք սերտորեն կապված են «Բաց հասարակության» երևանյան գրասենյակի հետ՝ հատկապես վերջին տարիներին ահռելի գումարներ ստանալով այդ գրասենյակից որպես դրամաշնորհ և հակակոռուպցիայի, թափանցիկության, ժողովրդավարության ու մարդու իրավունքների դրոշի տակ շարունակաբար վարկաբեկելով նախկին իշխանություններին, մարդիկ, որոնք որոշակի դեր են ունեցել «թավշա հեղափոխությունում», բարձր դիրքեր են գրավել օրենսդիր և գործադիր իշխանություններում՝ թելադրելով իրենց օրակարգը և այսօր աչք են փակում գրեթե ամեն օր տեղի ունեցող հակաժողովրդավարական ու անօրինական գործընթացների, մարդու իրավունքների բացահայտ խախտումների վրա, ավելին՝ մասնակից են այդ ամենին և կուրծք ծեծելով արդարացնում են այդ ամենը:
«Սորոսականների» դեմ պայքարողները ո՛չ մոլագար Սեզար Սայոք կամ Ռոբերտ Բոուերս են, ո՛չ սպիտակ ռասայի գերակայության գաղափարի կողմնակից, ո՛չ էլ պոպուլիստ Օրբան և շատ լավ հասկանում են, որ ինչ դավադրություն էլ նյութի Սորոսը կամ որևէ իրական կամ անիրական չարագործ, տեղերում կատարողներ են պետք: Հետևաբար թշնամին փնտրում են ներսում և գտնում են առկա բացահայտ փաստերի հիման վրա: Պատահական չէ, որ այն վերլուծաբանները, որոնք «թավշյա հեղափոխության» և ներկայիս իշխանության գործելակերպում աշխարհաքաղաքական բաղադրիչ են տեսնում, խոսում են միայն պայմանական Սորոսի մասին՝ չբացառելով Սորոսի անվան տակ միանգամայն ուրիշ կենտրոնների և ուժերի թաքնվելու հավանականությունը: Հայաստանում չի եղել և չկա հակահրեականություն, բայց կա հակապետականությանը, ավելի լայն՝ հակահայկականությանը դիմադրելու խնդիր, իսկ հայությանը հակահրեականության պիտակ փակցնելը իսկական հակահայկականության դրսևորում է՝ ծնված իսրայելա-ադրբեջանական արտամարմնային բեղմնավորումից:
Անահիտ Հարությունյան