Հայերեն   English   Русский  

Սոնա Աղեկյանն ու Սանիթեքի աշխատակիցները պատրաստվում են հացադուլ սկսել քաղաքապետարանի առաջ


  
դիտումներ: 216

Քիչ առաջ «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին տվեց 20 րոպե ժամանակ, որպեսզի նա իջնի քաղաքապետարանի բակ և փոխանցի «Սանիթեք» ընկերության նախկին աշխատակիցների աշխատավարձերը, հակառակ դեպքում իրենք անժամկետ հացադուլ են իրանակացնելու։ Այս պահին ակցիայի մասնակիցները նստացույց են անում քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով իրենց աշխատավարձերը։

«Պարոն Մարության, նայում եք ժամացույցին, ունեք 20 րոպե ժամանակ։ 20 րոպե անց, դուք եթե հենց ձեր ղեկավարած պատվիրակությամբ չեք իջնում եւ համապարփակ տեղեկատվություն չեք տրամադրում, եւ չեք ասում, որ գումարը նստեցված է «Սանիթեք» ընկերության հաշվեհամարի վրա, քանի որ նախկին աշխատակիցների բանկային հաշիվներն այս պահին արգելադրված են, մենք հայտարարում ենք անժամկետ հացադուլ։ Դուք ունեք հնարավորություն ապացուցելու, որ ունեք արժանապատվություն, որ նախընտրական խոստումներն ուղղակի չէին գրել, տվել ձեր ձեռքը, դուք այդ ամենի լիիրավ կրողն եք։ Դուք ավագանու հետ միասին ձախողել եք մայրաքաղաքի աղբահանության եւ սանմաքրման աշխատանքներն իրականացնելիս»,- ասաց Աղեկյանը։

Աղեկյանը հայտարարեց, որ ակցիայի մասնակիցները չեն ցանկանում լսել քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին. «Քաղաքացիները պահանջում են, որ այստեղ ներկա գտնվող խնչող խոսնակին հեռացնեք այստեղից, որովհետեւ եթե պաշտոնատար չինովնիկը խնչած ունի քաղաքացիների կարծիքի վրա, մենք էլ խնչած ունենք իր վրա, և չենք ուզում այլևս լսել նրան։ Ժամանակը գնաց»։

Նշենք, որ բողոքող քաղաքացիները պահանջում էին քաղաքապետ Հայկ Մարությանի կամ Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետի հետ հանդիպում, սակայն նրանց մոտեցավ քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, որը նրանց դուր չեկավ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սոնա Աղեկյանն ասել էր, որ իրենք գալիս են «Սանիթեքից», որտեղ իրենց փոխանցել են, որ քաղաքապետարանին ուղարկվել է համապատասխան փաստաթուղթ՝ համաձայն որի քաղաքացիների չվճարված աշխատավարձերը եւ վերջնահաշվարկը կազմում է 132 միլիոն դրամ: Նրանք էլ պահանջում են, որ քաղաքապետարանն անհապաղ փոխանցի իրենց աշխատավարձերը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: