Հայերեն   English   Русский  

​Հնդկաստանի նորանշանակ դեսպանն այցելեց ԵՊԲՀ


  
դիտումներ: 1048

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպան Կիշան Դան Դևալին: Շնորհավորելով նշանակման կապակցությամբ` ռեկտորը դեսպանին մաղթեց բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք և հաջողություններ կարևոր և պատասխանատու գործում:

Հանդիպման ընթացքում, ռեկտորն ընդգծեց, որ բժշկական համալսարանում այսօր կրթություն ստացող ավելի քան 900 հնդիկ ուսանողների ինչպես առաջադիմությունը, այնպես էլ կարգապահական ու կեցությանը վերաբերող հարցերը բուհի ամենօրյա ուշադրության կենտրոնում են: «Արդեն 3 տասնամյակ է, ինչ ԵՊԲՀ-ն Հնդկաստանի համար պատրաստում է բժիշկ մասնագետներ, որոնք այսօր աշխատում են ոչ միայն Հնդկաստանի, այլև աշխարհի հեղինակավոր բժշկական կազմակերպություններում»,-ընդգծեց ռեկտորը:

Արմեն Մուրադյանի խոսքով՝ ԵՊԲՀ-ի գլխավոր խնդիրն է պատրաստել այնպիսի ապագա բժիշկներ, որոնք մրցունակ կլինեն ամբողջ աշխարհում: Հաշվի առնելով այս հանգմանքը՝ աշխատանքներ են տարվում բժշկական կրթության համակարգը խստացնելու ուղղությամբ: ԵՊԲՀ ռեկտորը նորանշանակ դեսպանին հանգամանալից ներկայացրեց այն քայլերը, որոնք բուհն այլ պատասխանատու մարմինների հետ իրականացնում է հնդիկ ուսանողների ուսումնառությունն էլ ավելի արդյունավետ կազմակերպելու համար:

Բուհի ղեկավարությունը նորանշանակ դեսպանին տեղեկացրեց նաև, որ հնդիկ ուսանողներին հնարավորություն է ընձեռվել համալսարանական հիվանդանոցային համալիրներում կամավորական աշխատանք իրականացնելու, ինչպես նաև ԵՊԲՀ-ի կողմից կազմակերպվել են անվճար դասընթացներ այն առարկաներից, որոնցից հնդիկ սովորողներն ունեցել են դժվարություններ ուսումնառության ընթացքում:

ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեւալը շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը կատարված աշխատանքի համար և պատրաստակամություն հայտնեց շարունակել համատեղ ուժերով օպերատիվ քննարկել ու լուծել հնդիկ ուսանողների հետ կապված ցանկացած խնդիր: Ռեկտորը դեսպանին առաջարկեց պետական քննությունների հանձնաժողովում հնարավորության դեպքում ներգրավել նաև Հնդկաստանի «Հնդիկ բժիշկների խորհրդի» ազգային քննական կենտրոնի ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ԵՊԲՀ-ում ստեղծվող շրջանավարտների ակումբի աշխատանքներին ԵՊԲՀ հնդիկ ուսանողների միության ակտիվ մասնակցության հարցին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: