Հայերեն   English   Русский  

Հայաստանից Սինգապուր արտահանումները կազատվեն մաքսատուրքերից


  
դիտումներ: 168

Կառավարությունը հավանություն տվեց Սինգապուրի հետ տնտեսական համագործակցության երեք համաձայնագրերի ստորագրմանը: Առաջին նախագծով հավանություն տրվեց «ԵԱՏՄ և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր և պայմաններ փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում կողմերի միջև տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաև վերացնել կողմերի միջև առևտրային և ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը և բարձրացնել տնտեսական արդյունավետությունը: «Համաձայնագրով ներառված են այնպիսի բաժիններ, ինչպիսիք են` «Ապրանքների առևտուրը», «Առևտրի պաշտպանական միջոցները», «Ապրանքների ծագումը որոշելու կանոնները», «Առևտրի տեխնիկական խոչընդոտները», «Մաքսային համագործակցությունը և առևտրի դյուրացումը», «Սանիտարական և բուսասանիտարական միջոցառումները», «Մտավոր սեփականությունը», «Էլեկտրոնային առևտուրը», «Պետական գնումները», «Մրցակցությունը», «Էկոլոգիա»»,- ասաց նախարարը:

Երկրորդ նախագծով հավանություն տրվեց «ԵԱՏՄ և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսվում է կողմերի փոխազդեցության բազմակողմ զարգացման պարտավորություն, որի նպատակն է հանդիսանում ապրանքների և ծառայությունների առևտրի խթանումը, կոոպերացիայի ընդլայնումը, ինչպես նաև կապիտալ ներդրումների, ընկերությունների հիմնադրման և գործունեության պաշտպանության ժամանակակից ստանդարտների ապահովումը։

Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ համաձայնագրով ամրագրվում է ապրանքների ազատ առևտրի, ներդրումների և ծառայությունների մասով համաձայնագրերի կնքման կողմերի մտադրությունը՝ համաձայն վերջիններիս կողմից սահմանված կանոնների և իրավասությունների։ Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր և պայմաններ փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում Կողմերի միջև տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաև վերացնել Կողմերի միջև առևտրային և ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը և բարձրացնել տնտեսական արդյունավետությունը:

Հավանություն տրվեց նաև «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագիրը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության ու անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ամբողջական փաթեթի բաղկացուցիչ մաս: Ի լրումն ԵԱՏՄ-Սինգապուր ազատ առևտրի համաձայնագրի, որով ազատականացվում է ապրանքերի առևտուրը, համաձայնագիրը, ըստ էության, ազատականացնում է Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների իրականացման գործընթացները:

«Ակնկալվում է, որ համաձայնագիրը կնպաստի երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը և երկուստեք նոր շուկաների բացահայտմանը: Ի տարբերություն ՀՀ կողմից նախկինում կնքված նմանատիպ համաձայնագրերի` Համաձայնագիրը ներառում է նաև գլուխ ծառայությունների առևտրի մասին և համապատասխան հավելվածներ, որոնք ներառում են այն ոլորտները, որտեղ, համաձայն ՀՀ գործող օրենսդրության և ՀՀ կողմից կնքված միջազգային պայմանագրերի, առկա են որոշակի սահմանափակումներ օտարերկրացիների, այդ թվում` սինգապուրցիների համար: Ընդ որում` նախատեսված է նաև առանձին հավելված հետագայում հնարավոր կիրառելի սահմանափակող միջոցների վերաբերյալ: Հարկ է նշել նաև, որ այսպիսի մոտեցումը նմանատիպ համաձայնագրերում սկսել է կիրառվել վերջին տարիներին և համահունչ է միջազգային լավագույն փորձին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս համաձայնագրով Հայաստանից արտահանումները դեպի Սինգապուր ամբողջությամբ ազատվում են մաքսատուրքերից:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ գործարարներին կոչ է արել մանրամասն ուսումնասիրել վերը նշված համաձայնագրերը՝ արդյունավետ գործունեություն իրականացնելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: