Հայերեն   English   Русский  

​Ավագ դպրոցները դարձել են ձևակա՞ն


  
դիտումներ: 2720

Մի բան է գեղեցիկ ռազմավարություն մշակելը, մեկ այլ բան է այն կյանքի կոչելը։ Սրա վառ ապացույցը ավագ դպրոցներն են։

Ի սկզբանե նախատեսվում էր, որ 12-14 հոգանոց հոսքային ու ենթահոսքային մասնագիտական կողմնորոշմամբ դասարաններում ավագ դպրոցներն այնպիսի կրթություն պետք է մատուցեին, որ աշակերտը կարողանար առանց դժվարությունների բուհ ընդունվել։ Շուրջ 10 տարվա դեգերումներից հետո այն դարձել է մինչև 30 հոգանոց դասարաններում տարատեսակ մասնագիտական կողմնորոշում ունեցող աշակերտներին միավորող կառույց, որտեղ քննական շտեմարաններն են ուսումնասիրում՝ ի հավելումն կրկնուսույցների մոտ պարապմունքների։ Իսկ հիմնական պատճառը ֆինանսավորումն է։

Դպրոցների սուղ ֆինանսական միջոցները հնարավորություն չեն տալիս 5-10 աշակերտի համար հոսք կամ ենթահոսք բացել՝ ապահովելով համապատասխան ուսուցում։ Եվ եթե Երևանում երեխան կարող է մեկ այլ ավագ դպրոց ընտրել, որտեղ իր նախընտրած ուղղությամբ ենթահոսքեր կան, ապա մարզային բնակավայրերում վիճակն այլ է՝ այստեղ աշակերտները ստիպված բավարարվում են եղածով։ Ամեն դպրոց ստեղծված իրավիճակում փորձում է լուծում գտնել յուրովի։ Օրինակ՝ Մարտունու ավագ դպրոցի տնօրեն Վարդան Ավետիսյանն «Անկախի» հետ զրույցում պատմում է, որ այս տարի ավագ դպրոց եկած 5 աշակերտ ցանկանում էր կրթությունը շարունակել պատմության խորացված ուսուցմամբ հոսքում, մինչդեռ ավելի մեծ թվով աշակերտներ ցանկանում էին կրթվել լեզուների խորացված ուղղությամբ հոսքում։

«5-6 հոգով դասարան պահելը դպրոցի համար հսկայական ֆինանսական բեռ էր։ Ուստի հրավիրեցինք ծնողներին, կարևորեցինք երեխաների մասնագիտական կողմնորոշումը, զրուցեցինք մեր հնարավորությունների մասին և առաջարկեցինք, որ սովորեն լեզուների խորացված ուսուցմամբ հոսքում։ Բայց աշակերտների մոտ մասնագիտական հետաքրքրությունը պատմություն առարկայի նկատմամբ չմարելու համար դպրոցում գործում է պատմության խմբակ։ Շաբաթական երեք ժամ տևողությամբ պարապմունքներին աշակերտները սովորելու են «Հայոց պատմություն» առարկան»,- ասում է Վարդան Ավետիսյանը։

Չնայած Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից հաստատված հանրակրթական հաստատությունների օրինակելի ուսումնական պլանում նշվում է, որ հոսքային ուսուցման առարկաների դասերին ֆինանսական միջոցների առկայության դեպքում դասարանի խտությունը կարող է սահմանվել 12-14 սովորող, որպես կանոն, դպրոցները, հատկապես փոքր ու միջին, նման հնարավորություն չեն ունենում և դիմում են մեկ դասարանում մինչև 30 աշակերտ ունենալու տարբերակին։

«Որքան դասարանների խտությունը բարձր է, այնքան դպրոցը շահում է ֆինանսապես։ Բարձր խտությամբ դասարաններ են ստեղծվում, որպեսզի դպրոցը կարողանա ունեցած ֆինանսների մեջ տեղավորվել և մինչև տարեվերջ զրոյով դուրս գալ»,- ասում է Վարդան Ավետիսյանը՝ հավելելով, որ այս պարագայում դպրոցը կարծես հեռանում է իր առաքելությունից։

«Դասարանների բարձր խտությունը տանում է ցածր արդյունավետության։ Իսկ ինչի՞ համար են ստեղծված դպրոցները»,- ասում է Ավետիսյանը՝հավելելով, որառաջադեմ երկրներում, որտեղ կրթությունն առաջնային է, ավագ դպրոցներում հոսքային ուսուցման պարագայում խտությունը մինչև 15 աշակերտ է։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, «Անկախի» հետ զրույցում անդրադառնալով ավագ դպրոցների խնդիրներին և դրանց պատճառներին, նշում է․ «Անցումն ավագ դպրոցների կատարվեց շատ արագ, չհիմնավորված։ Ինչպես շատ բարեփոխումների հիմքում, այստեղ էլ չդրվեց ֆինանսական հիմք։ Մենք մի բան փոխում ենք, հետո պարզվում է, որ դա անելու համար մեզ պետք է շատ մեծ փող, և մենք այդ փողը չունենք, ուստի ասում ենք՝ յոլա գնացեք եղածով ու այդ ամբողջ բարեփոխումն արժեզրկվում է։ Բարեփոխումն իմաստ է ունենում, եթե ողջ իր տրամաբանությամբ կիրառվում է, ոչ թե կիսատ-պռատ մոտեցումներով»։

Խաչատրյանը փաստում է՝ անցած տասը տարիների ընթացքում ավագ դպրոցների՝ թղթի վրա գրված ամբողջական մոդելն այդպես էլ կյանքի չկոչվեց։

«Կրթության պրոբլեմներից մեկն այն է, որ այս ոլորտումշատ որոշումներ անշրջելի են։ Եթե դու մի բան անում ես, պետք է հաշվի առնես, որ հետ բերելը շատ բարդ է լինելու, ավելի ցավոտ ու ցնցումնային»,- ասում է նա։

Նա նշում է՝ ավագ դպրոցում չգտնելով իրեն անհրաժեշտ հոսքային կամ ենթահոսքային ուսուցումը՝ երեխաները սովորաբար քոլեջ կամ արհեստագործական ուսումնարան են դիմում։

«Աշակերտին ավելի ձեռնտու է գնալ ավելի թեթև տեղեր, օրինակ, արհեստագործական ուսումնարան, որտեղ ավելի թեթև ծրագրով են ուսուցում անցնում, և ազատ ժամանակը կարող է տրամադրել լրացուցիչ պարապմունքներին։ Այստեղ մենք նաև կորցնում ենք ֆունդամենտալ կրթությունը։ Երեխաներին շահեկան է երկու-երեք առարկա պարապել ու այդքանով վերջացնել»,- ասում է նա։

Խաչատրյանը պետական այրերի ուշադրությունն է հրավիրում ներկա իրավիճակի վրա, երբ դասախոսների և ուսուցիչների դասաժամերը կրճատվում են, փոխարենը բանտերում տեղ չկա, դատախազների ու քննիչների ծանրաբեռնվածությունն էլ շատ մեծ է։ «Այս իրավիճակը, որ այսօր ունենք,այն է՝ մեր իրավական համակարգն ահավոր ծանրաբեռնված է, իսկ կրթական համակարգը թերբեռնված, նշանակում է, որ ժամանակին կրթության վրա փող ենք խնայել։ Եթե այսօր էլ շարունակենք այսպես, մի տասը տարի հետո իրավապահ համակարգի ծախսրերը ավելի կշատանան, իսկ կրթությանը ավելի կփոքրանա»,- ասում է նա։

Կրթության փորձագետը շեշտում է, որ պետք է գումարներ ուղղել կրթական համակարգին։ «Հիմա լսում ենք, որ բավական գումար է խնայվել։ Չպետք է ափսոսել և այդ գումարներն ուղղել կրթությանը, զուգահեռաբար պահանջները բարդացնել և զարգացում կլինի»,- ասում է նա և հավելում, որ կրթությունումայսօր պետք է ներդրում անենք, որ մի քանի տարուց սկսենք առաջին պտուղները քաղել։

Դպրոցների ֆինանսավորումը կարևորում է նաև Հանրային խորհրդի գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ Աիդա Թոփուզյանը։ Նա նշում է, որ երեխաների կրթության իրավունքն առաջնային է։ «Երեխան մեղավոր չէ, որ ինքն, օրինակ՝ Մեղրիում է ծնվել և այս տարի իր նախընտրած հոսքում 15 հոգի չի հավաքվում»,- ասում է Թոփուզյանը և հավելում, որ ԿԳՄՍ նախարարությունը պետք է քարտեզագրի բոլոր ավագ դպրոցների խնդիրները և յուրաքանչյուրին լուծում տա՝ հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: