Հայերեն   English   Русский  

Արտակ Բեգլարյանը Եվրոպայի խորհրդում հանդես է եկել ելույթով՝ չճանաչված պետություններում մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերների վերաբերյալ


  
դիտումներ: 496

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 30-ին, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախաձեռնությամբ և աջակցությամբ, մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կազմակերպված՝ չճանաչված պետություններում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջոցառմանը:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդմամբ՝ Արտակ Բեգլարյանը և ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության նախկին ղեկավար Ռենե Ռուկեն հանդես են եկել ելույթներով: Միջոցառմանը ներկա էին ԵԽԽՎ մի խումբ պատգամավորներ, տարբեր երկրների դիվանագետներ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի պաշտոնյաներ ու փորձագետներ:

Պաշտպանի ելույթի ամբողջական տեքստը ներկայացվում է ստորև:

«Հարգելի՛ գործընկերներ, ընկերներ,

Ես շնորհակալ եմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակությանը և պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանին՝ չճանաչված պետություններում մարդու իրավունքների պաշտպանության և ԵԽ դերի կարևորության մասին խոսելու հնարավորության համար:

Պատիվ է այս հարթակը կիսել նաև պարոն Ռուկեի հետ, ով, իսկապես, լավ հասկանում է մեր այսօրվա քննարկման թեման:

Որքան գիտեմ ՝ սա առաջին անգամն է, որ Արցախի պաշտոնական ձայնը կլսվի Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում. այնպես որ այս միջոցառումը կերտում է պատմություն…

Թույլ տվեք խոսքս սկսել Մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագրի երկրորդ հոդվածը մեջբերելով.

«Յուրաքանչյուր ոք ունի սույն Հռչակագրում նշված բոլոր իրավունքներն ու ազատությունները՝ առանց որեւէ տարբերակման: Ավելին, որևէ տարբերակում չպետք է դրվի ելնելով անձի պատկանելության երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից՝ լինի դա անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար կամ որևէ այլ սահմանափակումով կազմավորում»:

Այսպիսով, մարդուիրավունքներըհռչակվածենորպեսհամընդհանուր, իսկինչպիսի՞նէիրականությունը...

Կգերադասեի պատասխանել ԵԽ նախկին գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի խոսքերով, ով 2014թ.-ին իր զեկույցում անդրադարձավ Եվրոպայի հակամարտությունների գոտիներում բնակվող գրեթե 3 միլիոն մարդկանց դեմ ծառացած մարտահրավերներին՝ նշելով. «Չկարգավորված հակամարտությունների գոտիներում բնակվող մարդկանց իրավունքների պաշտպանությունը հաճախ միջազգային հանրության առաջնահերթություններից չէ, երբ փորձում ենք զբաղվել այդ հակամարտությունների կարգավորման դժվարություններով»:

Սա կարևոր խոստովանություն էր, քանի որ հակամարտության ցանկացած լուծում պետք է ծառայի նախևառաջ մարդու իրավունքների պաշտպանությանը:

Այնուամենայնիվ, ինչպես սովորաբար, այստեղ նույնպես իրականությունը հակասում է ցանկություններին և հայտարարություններին: Իրականությունն այն է, որ Եվրախորհրդի տարածքում միլիոնավոր մարդիկ չունեն պատշաճ հասանելիություն մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններին, ինչպես նաև միջազգային աջակցության և զարգացման ծրագրերին: Նրանք դե ֆակտո պետություններում ապրող մարդիկ են, պետություններ, որոնք ձևավորվել են հակամարտությունների արդյունքում, բայց պաշտոնապես չեն ճանաչվել միջազգային հանրության կողմից:

Խնդրի ծավալը հասկանալու համար հարկ է նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող գործերի 17%-ը առնչվում է այդ չլուծված հակամարտություններին: Կարծում եմ ՝ տոկոսը հետագայում կաճի, քանի դեռ իրավիճակը դրականորեն չի փոխվել:

Ջորջ Օրվելի հայտնի խոսքը փոքր-ինչ խմբագրելով՝ պարզվում է, որ բոլոր մարդիկ հավասար են, բայց նրանցից ոմանք ավելի քիչ հավասար են…





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: