ԳԴՀ-ի ութ քաղաք պայքարում է Եվրոպա 2025–ի մշակութային մայրաքաղաքի կոչման համար
Երկրամասերի կրթության և մշակույթի նախարարների խորհրդաժողովը հայտարարել է, որ ութ քաղաքների ներկայացուցչությունները ներկայացրել են անհրաժեշտ փաստաթղթեր մրցույթին մասնակցելու համար: Դրանք են՝ Հեմնից, Դրեզդեն, Գերա, Հաննովեր, Հիլդեսհայմ, Մագդեբուրգ, Նյուրնբերգ և Ցիտտաու: Դեկտեմբերի 12-ին ժյուրին կհայտարարի, թե որ թեկնածուներն են անցել երկրորդ ընտրական փուլ:
«Մշակութային մայրաքաղաք» ծրագիրը Եվրամիության նախաձեռնությունն է՝ ուղղված ընդհանուր եվրոպական մշակույթի հետ համերաշխության աջակցությանը: Նախապես որոշվում է, թե որ երկու պետություններն են առաջադրում իրենց քաղաքներն այդ դերի համար: Ընտրությունը կատարում է փորձագիտական ժյուրին, որի կազմում ընդգրկվում են Եվրամիության պետությունների և ինստիտուտների ներկայացուցիչներ: 2025 թվականի մայրաքաղաքն ընտրելու են Գերմանիայի և Սլովենիայի քաղաքներից: