Հայերեն   English   Русский  

Մեծությունը խայտառակություն չէ, երջանկություն է. Սիրիահայ տատիկն ու գյումրեցու 100-ամյա հարսը


  
դիտումներ: 755

84-ամյա Արաքսի Դեմիրճյանին ճակատագիրը կապել է Գյումրի քաղաքի հետ: 9 տարեկան է եղել, երբ 1946 թվականին ընտանիքը Սիրիայից տեղափոխվել է Հայաստան:

Գրեթե կես դար իրեն նվիրել է աշխատանքին, հասցրել է լինել քաղաքային սովետի դեպուտատ:

- Աշխատանքը շատ լավ բան է: 45 տարի աշխատել եմ ու չեմ ձանձրացել, շատ հաճույքով եմ աշխատել, որովհետև գիտեմ՝ ինձ համար եմ աշխատել, - ասում է տիկին Արաքսին:
Հայաստան տեղափոխվելուց հետո մինչև 1955 թվականը ապրել է Գյումրիում, հետո տեղափոխվել Երևան: 2009 թվականից նորից վերադարձել է Գյումրի. ՛՛Մենակ էի արդեն, քույրիկս Գյումրիում էր ապրում, մտածեցի ավելի լավ է գնալ Գյումրի՛՛:

Արաքսի Դեմիրճյանը հիմա զբաղվածություն չունի, ՛՛Հայկական Կարիտաս՛՛ բարեսիրական հասարակական կազմակերպության Գյումրու տարեցների ցերեկային հոգածության կենտրոնի շահառու է, ինչպես ինքն է ասում, հասցրել է դառնալ այդ մեծ ընտանիքի անդամ, որից բաժանվել ոչ մեկը չի կարող:

- Ես ձեռագործ եմ անում, մանկատան երեխաների համար, շորեր գործում: Եթե ես չաշխատեմ՝ կհիվանդանամ, իմ ձեռքերը պետք է անընդհատ աշխատեն: Մեծությունը խայտառակություն չէ, երջանկություն է, - հպարտորեն ու ժպիտով նշում է Արաքսի տատը:

Գյումրիում վարձով է բնակվում, ասում է՝ իր թոշակն իրեն բավարար է: Նաև պատմում է դեռ կարևոր առաքելություն ունի անելու և ապրել է ուզում.

- Ես մեռնելու իրավունք չունեմ, ապրելու եմ: Աստված իմ նպատակը կկատարի, որ ես կարողանամ ծնողներիս պարտքը կատարեմ. գնամ Թուրքիա՝ իմ ծնողների գումարը բերեմ Հայաստան ու օգնեմ մանկատան երեխաներին: Արմատներս Արաբկիրից են, ծնողներս էնտեղ են ծնվել: Թուղթ ունեմ՝ կտակ: Սպասում եմ Ցեղասպանությունը ընդունվի, գոնե կարողանամ ծնողներիս թողած փողերը բերեմ: Ինձ ոչ մի բան պետք չէ, ես իմ թոշակով լավ էլ ապրում եմ, ուրիշ բան ինձ պետք չէ:

Մինչ Արաքսի Դեմիրճյանը սպասում է իր նպատակի իրականացմանը, Մարիամ Եղյազարյանն այս տարի բոլորեց 100-ամյակը: Մարիամ տատն էլ է տարեցների ցերեկային հոգածության կենտրոնի շահառու: Թեև արդեն դժվարությամբ է տեղաշարժվում, երբ հարցնում եմ ամբողջ օրն ինչո՞վ ես զբաղվում, թվարկում է. ՛՛Սաղ օրը մեկ կմրսիմ, մեկ թազբեխը կվերցնեմ հետը կխաղամ, ես ինձ հետ կխոսեմ, էլ ինչ պիտի անեմ էս 4 պատի մեջ: Շուտ-շուտ են մոտս գալիս, լողացնում են, հաց են պատրաստում: Էրեխեքիս մասին շատ կմտածեմ՝ տղես ու աղջիկս մահացան: Տղես Ռաստովում էր, ռուս կնիկ էր առել: Գուկար-կերտար, հմի էլ թոռներս էլ չեն գա: Աղջկաս աղջիկները շատ գուկան, խնդանք-կխոսանք, ես էլ էդ էրեխեքով կուրախանամ՛՛:

Մարիամ Եղյազարյանը մեծացել է Էջմիածնում, այնտեղից էլ Գյումրի հարս է եկել: Ասում է՝ քեռին ու քեռակինն են իրեն պահել, ամուսնացնելուց էլ շատ լավ ՛՛ջեհեզ՛՛ են տվել:
Երբ հարցնում եմ՝ ո՞րն է երկարակեցության գաղտնիքը, ծիծաղում է՝ ՛՛հո 200 տարի չեմ ապրել, ի՞նչ երկարակեցություն՛՛: Բուժքույր Արփինեն ՛՛Հայկական Կարիտաս՛՛-ի այն ներկայացուցիչներից է, որ պարտադիր այցելում է Մարիամ պատին, նշում է՝ տատը հիվանդություն չունի, դեղ չի օգտագործում:

- 13 տարի ես այցելել եմ Մարիամ տատին: Եթե մի փոքր լավ չի լինում, ավելի հաճախ եմ այցելում, բայց ամիսը 2 անգամ՝ պարտադիր: Մեկ-մեկ ասում է՝ ոնց որ գլուխս ծանր լինի: Չափում եմ ճնշումը՝ 120/80 է: Նա օրինակելի տատիկ է, որ այս տարիքում անգամ կնոջ կերպարի մեջ է, շատ համեստ:
Տատը համեստ է նաև, երբ հարցնում եմ՝ ինչի՞ կարիք ունի:

- Հմի ինչի՞ կարիք պիտի ունենամ, սոցաշխատողները գուկան, աղջիկները գուկան, շորերս մաքուր են, ուտելիքը կա, լավ է:

Այսօր տարեցներն առավել շատ միայնությունը փարատելու կարիք ունեն, ինչպես նաև սոցիալական, բժշկական հոգածության, ասում է ՛՛Հայկական Կարիտաս՛՛-ի տարեցների հիմնախնդիրներով զբաղվող ծրագրերի պատասխանատու Ֆլորա Սարգսյանը: Եվ կազմակերպության տարեցների ցերեկային հոգածության կենտրոնում մտածել են այս բոլոր հոգսերի թեթևացման մասին.

- Մեծամասնությունը միայնակ տարեցներ են, ովքեր գերադասում են ոչ թե մնալ տանը, պարփակվել իրենց խոհերի ու դարդերի հետ, այլ լինել այստեղ, ընկերանալ, սոցիալականացվել: Նրանց համար ամեն օր ժամանց պիտի կազմակերպվի, իսկ ովքեր չեն կարող իրենց ոտքով գալ մեր կենտրոն, նրանց համար էլ ունենք տնային խնամք ծրագիրը: Մենք տրանսպորտ չենք տրամադրում մեր շահառուներին կենտրոն գալու համար, դա և ֆինանսի հետ է կապված, և ամենակարևորը՝ քաղաքի տարբեր ծարյերից տարեցները գալիս են մեր կենտրոն, նրանք դուրս են գալիս տանից, քայլում են: Այստեղ բազմաբնույթ հոգածություն են ստանում տարեցները, նաև բժշկական. այսօր մեր հիվանդանոցներում չկան ծերաբույժներ, բայց տարիների փորձը մեր աշխատակիցներին զինել է նաև այդ հատկանիշներով:

Մարդիկ, ովքեր հաճախ են շփվում տարեցների հետ, փաստում են, նրանց հասկանալու և օգնելու համար ավելի քան հարկավոր է լսել, հնարավորություն տալ՝ բացել իրենց սիրտը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: