Ավարտվել է ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը. մեղադրանք է առաջադրվել 36-ամյա տղամարդուն
Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ընկերների հետ շինարարական աշխատանքներ իրականացնելով Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի դպրոցներից մեկում, միաժամանակ վերջիններիս հետ գիշերելով նույն դպրոցում, 2019թ. մայիսի 23-ին, ժամը 21.30-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում, աշխատանքային օրվա ավարտից հետո, ընթրել է իր հետ շինարարությունում աշխատող 1985 թվականին ծնված գործընկերոջ հետ, որի ընթացքում օգտագործել է ոգելիչ խմիչք: Ալկոհոլի ազդեցության տակ այնտեղ է հրավիրել այլ ընկերների, որը դուր չի եկել սեղանակցին: Այդ պատճառով վիճաբանություն է սկսվել վերջիններիս միջև, որի ընթացքում 36-ամյա տղամարդը բռունցքով, այնուհետև մետաղյա ամրանով հարվածել է 33-ամյա գործընկերոջ աջ աչքին՝ պատճառելով աչքի տեսողության կորուստ և հանգեցնելով այդ աչքի հեռացման: Հրավիրված ընկերների հետ լրացնելով միմյանց գործողությունները, շարունակել են հարվածներ հասցնել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: