Հայերեն   English   Русский  

​ՀՕՄ-ը օգնության ձեռք է մեկնում հրդեհից վնասվածներին


  
դիտումներ: 256

Հայ օգնության միության (ՀՕՄ) Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչությունը հայտարարություն է հրապարակել, որում կոչ է անում հայ համայնքի բոլոր անդամներին և կազմակերպություններին միանալ միության ճիգերին՝ օժանդակելու հոկտեմբերի 10-ին Սիլմար քաղաքում ծագած Սետլըրիջի հրդեհից վնասված անձերին կամ ընտանիքներին:

Այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» թերթը:

Ըստ լրատվական աղբյուրների՝ ցարդ այրվել է շուրջ 1900 հեկտար տարածք: Հրդեհի պատճառով հրկիզվել են բազմաթիվ տներ, իսկ մեծ թվով քաղաքացիներ ստիպված են եղել հեռանալ իրենց բնակավայրերից, հատկապես՝ Սան Ֆեռնանդո հովիտի Փորթըր Ռենչ, Գրանադա Հիլզ, Սիլմար և այլ թաղամասերից:

«Մեր մտածումները և աղոթքները գնում են տասնյակ հազարավոր քաղաքացիներին և ընտանիքներին, որոնք Սետլըրիջի հրդեհի պատճառով վնասներ կրեցին և բնակարաններից հեռացան: ՀՕՄ-ը պատրաստ է իր առավելագույնն անել՝ օգնելու համար բոլոր այն քաղաքացիներին կամ ընտանիքներին, որոնք օժանդակության կարիք ունեն: Իսկ օգնության անմիջական կարիք ունեցող քաղաքացիներին խնդրում ենք կապվել ՀՕՄ-ի շրջանային գրասենակի հետ»,- հայտնել է ՀՕՄ-ի շրջանային վարչության ատենապետ Սիլվա Փոլադյանը:

Այս նպատակի համար գնահատելի են որևէ չափի նվիրատվություններ կամ օժանդակություններ: Խնդրում են նվիրատվությունները կատարել ՀՕՄ-ին և ուղարկել հետևյալ հասցով՝ ARS Regional Headquarters, 417 West Glenoaks Blvd., Glendale, CA 91202։

ՀՕՄ-ի շրջանային կենտրոնի հետ կարելի է կապ հաստատել՝ հեռաձայնելով (818) 500-1343 համարով կամ գրելով office@arswetsusa.org էլփոստի հասցեին:

ՀՕՄ-ի ընկերային ծառայությունների գրասենյակի պատասխանատու Թալար Այնթապլյանի հեռախոսի համարն է՝ (818) 472-6251:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: