Լեհաստանում կրկին վարչապետ կառաջադրվի Մորավեցկին
«Օրենք և արդարությունը» մտադիր է կրկին վարչապետ առաջադրել Մատեուշ Մորավեցկուն: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով RMF FM ռադիոկայանին:
Համաձայն Լեհաստանի սահմանադրության՝ հանրապետության նախագահը ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակունից հետո պետք է հրապարակի Նախարարների խորհրդի նախագահի թեկնածուի անունը: Ըստ հանրապետությունում հաստատված ավանդույթի՝ վարչապետի թեկնածու է դառնում ընտրողների առավել թվով քվեները ստացած կուսակցության ներկայացուցիչը: «Օրենք և արդարությունն» արդեն հայտարարել է, որ իրենց թեկնածուն լինելու է գործող վարչապետ Մատեուշ Մորավեցկին:
Նախարարների նոր կաբինետի կազմը խորհրդարանի քննությանն է ներկայացվում նախագահի կողմից վարչապետի նշանակումից հետո 14 օրվա ընթացքում: Սեյմի առաջին նիստի օրը նույնպես նշանակում է երկրի ղեկավարը: Այն պետք է տեղի ունենա ոչ ուշ, քան նոյեմբերի 12-ը: