ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ․ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ կրկնեց Հայաստանի և հայկական տարածքների հանդեպ իր նկրտումները
Իր հերթին, Թուրքիայի նախագահն էլ հայտարարել է, որ իրենք կանեն հնարավոր ամեն բան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ապահովելու համար: Ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունները:
Պատասխան. Թուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի (Թուրքական խորհուրդ) 7-րդ գագաթաժողովին Ադրբեջանի նախագահը հերթական անգամ կրկնեց Հայաստանի և հայկական տարածքների հանդեպ իր նկրտումները՝ այս անգամ դրանք համեմելով պանթուրքիստական շեշտադրումներով:
Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանային անվտանգության աղավաղված ընկալումը և մոտեցումները՝ հիմնված ռասիզմի և խտրականության վրա, խոչընդոտում են հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, նպաստում են տարածաշրջանում և դրանից դուրս անկայունության խթանմանը:
Այս ամենը նաև ընդգծում է մեզ համար տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության ապահովման առաջնահերթությունը։
Հարց. Թուրքիայի նախագահն իր խոսքում նաև նշել է, որ Թուրքիան իր պատմության ոչ մի ժամանակաշրջանում քաղաքացիական բնակչության կոտորած չի իրականացրել և չի իրականացնի:
Պատասխան. Այն բանից հետ, երբ այս տարվա ապրիլի 24-ին իր հայտարարությունում Թուրքիայի նախագահը փորձ արեց արդարացնելու հայ ժողովրդի նկատմամբ իր պատմական հայրենիքում իրականացված ցեղասպանությունը, այս թեմայով Թուրքիայի նախագահի որևէ հայտարարություն արժանի չէ մեկնաբանության: