Հայերեն   English   Русский  

​«Հիմար մի՛ եղիր». Թրամփը՝ Էրդողանին


  
դիտումներ: 719

CNN հեռուստակայանը հրապարակել է մի նամակ, որը, ինչպես պնդում են լրագրողները, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հղել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Սիրիայի սահմանին քրդերի դեմ գործողությունը սկսվելու օրը՝ հոկտեմբերի 9-ին:

Ուղերձում Միացյալ Նահանգների նախագահն առաջարկում է «լավ պայմանավորվածության գալ»:

«Դուք չեք ուզում պատասխանատվություն կրել հազարավոր մարդկանց դաժան սպանության համար, ես էլ չեմ ուզում պատասխանատվություն կրել Թուրքիայի տնտեսությունը ոչնչացնելու համար, բայց կանեմ: Ես արդեն մի քիչ զգացրել եմ դա պաստոր Բրանսոնի դեպքում»,- գրել է Թրամփը:

(Օգոստոսին ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի երկու նախարարի նկատմամբ ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի գործի կապակցությամբ, որը բանտարկված է Թուրքիայում 2016 թ. հոկտեմբերից:)

Այնուհետև Թրամփը գրում է, որ ԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում քրդերի առաջնորդների հետ, և նրանք պատրաստ են աննախադեպ զիջումների գնալ. «Գեներալ Մազլումը [զինյալ քրդերի առաջնորդ Մազլում Աբդի-խմբ.] պատրաստ է զիջումների, որոնք անցյալում երբեք չէր անի: Ուղարկում եմ նրա նամակի պատճենը»:

Եվ նամակն ավարտում է այսպես. «Պատմությունը բարեհաճ կգտնվի ձեր հանդեպ, եթե Դուք ամեն ինչ անեք ճիշտ և մարդասիրաբար: Իսկ եթե լավ բան չստացվի, Դուք պատմության մեջ ընդմիշտ կմնաք որպես սատանա: Մի՛ եղեք պնդաճակատ տղա: Հիմար մի՛ եղեք: Ես Ձեզ ավելի ուշ կզանգեմ»:

Սպիտակ տունն առայժմ չի մեկնաբանել նամակի երևան գալը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: