Հայերեն   English   Русский  

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը 20 տարեկան է


  
դիտումներ: 3372

Արդեն 20 տարի Երևանի պետական համալսարանում լրագրողներ են կրթվում առանձին ֆակուլտետում։ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը Մայր բուհի ամենակրեատիվ, ամենաազատամիտ, ամենամեծ պահանջարկ վայելող ֆակուլտետներից մեկն է և թերևս ամենառիթմիկը ողջ բուհում։

Ծանր տարիներին հիմնադրված և դժվարին ճանապարհ անցած ֆակուլտետն այսօր արդեն կայացած ու զարգացման ուղի բռնած կրթօջախ է՝ հավակնոտ ծրագրերով։ «Համոզված ենք, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն առաջիկայում կդառնա Ժուռնալիստիկայի և հաղորդակցության ինստիտուտ՝ իր տարբեր բաժիններով ու գիտահետազոտական կենտրոններով»,-իր երազանք-նպատակի մասին է բարձրաձայնում ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը։

Նաղաշ Մարտիրոսյան

Անշուշտ ֆակուլտետում խնդիրներ դեռ շատ կան, բայց ձեռքբերումներն ավելին են։ Իսկ ամենամեծ ձեռքբերումն, ըստ դեկանի, ֆակուլտետի շրջանավարտներն են․ «Մեր շրջանավարտներն այսօր բոլոր ոլորտներում են, նրանք երևելի դեմքեր են, ովքեր ունեն իրենց ասելիքը, իրենց ոճը, իրենց տեղն ու դերը և ամենակարևորը՝ տարբերվում են իրենց ազատ մտածողությամբ»։

Նաղաշ Մարտիրոսյանն ասում է՝ իրենց գլխավոր սկզբունքը նախևառաջ ուսանողին մտածել սովորեցնելն է, իսկ գրել ինքնուրույն էլ կսովորեն, հատկապես ազատ մտածող մարդիկ։

Այնուամենայնիվ, հայկական լրագրությունն այսօր ունի խնդիրներ, և դրանցից ամենակարևորը, ըստ դեկանի, վստահության ճգնաժամն է։

«Բայց դա միայն մեր իրականությանը բնորոշ բան չէ։ Հիշեք, թե ամերիկյան մամուլը 1990-ականներին վստահության ինչ ճգնաժամ էր ապրում, և ինչ միջոցներ ձեռնարկվեցին այդ ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ։ Ես կարծում եմ, որ այսօր տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները հրաշալի հնարավորություն են տալիս մամուլի, ազատ խոսքի, ասելիքի արտահայտման առումով։ Իսկ մեր խնդիրները գալիս են ավանդույթների պակասից, մեր լրագրությունը դեռևս որոնումների մեջ, մենք անցումային ժամանակաշրջան ենք ապրում բոլոր առումներով»։

Ժուռֆակ

Ֆակուլտետի հիմնադրման 20-ամյակի միջոցառումները մեկնարկել են հոկտեմբերի 16-ին՝ հայ մամուլի օրը։ Այդ օրը ծաղիկներ են խոնարհել հայ մամուլի հիմնադիր Հարություն Շմավոնյանի հուշարձանին և խնկարկել ֆակուլտետի հիմնադիր- դեկան Գառնիկ Անանյանի հիշատակին։

Ժուռֆակ

Հոկտեմբերի 17-ին անց է կացվել «Ժուռնալիստիկա և հաղորդակցություն» խորագրով գիտաժողովը, որի մասնակիցների զեկուցումները և դրանց լրամշակված տարբերակները կհրապարակվեն «Ժուռնալիստիկա և հաղորդակցություն» գիտական ժողովածուի հերթական համարում: Իսկ հոկտեմբերի 18-ին ԵՊՀ Եղիշե Չարենցի անվան դահլիճում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որին հաջորդել է տոնական երեկոն։

Ի դեպ, հոբելյանական տարեդարձի առթիվ ֆակուլտետում մեծ պաստառի վրա հրապարկվել են ֆակուլտետի բոլոր շրջանավարտների անունները, և նրանցից յուրաքանչյուրը կարող է այնտեղ գտնել իր անունը և թողնել ստորագրությունը անվան դիմաց։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: