Ըստ կազմակերպիչների՝ 1 մլն մարդ է մասնակցել բրեքսիտի դեմ երթին, ըստ ԶԼՄ-ների՝ հարյուրհազարավոր
Մասնակիցներն անցել են Հայդ պարկի Մարմարե կամարից դեպի բրիտանական խորհրդարանը՝ վանկարկելով Եվրամիությունից դուրս գալու կրկնակի հանրաքվեի անցկացման օգտին կարգախոսներ:
Բրիտանական ԶԼՄ-ները հաղորդում են խաղաղ երթի հարյուրհազարավոր մասնակիցների մասին: Իսկ ոստիկանությունը ձեռնպահ է մնում պաշտոնական գնահատականներից:
Հավաքված ամբոխը Վեստմինստերյան պալատի առջև, որտեղ տեղի էր ունենում արտահերթ նիստը, ծափահարություններով ու հրճվանքով ողջունեց նորությունն այն մասին, որ պատգամավորներն ընդունել են փոփոխությունը բրեքսիտի հետաձգման մասին՝ մի կողմ դնելով ԵՄ-ի հետ գործարքի հաստատումը, որին հասել էր վարչապետ Բորիս Ջոնսոնը: Փոփոխության հավանությունը ձեռնտու է խորհրդարանական ընդդիմությանը, որի մեծ թվով ներկայացուցիչներ կողմնակից են կրկնակի հանրաքվեի անցկացմանը:
Մեծ Բրիտանիան պետք է լքեր Եվրամիությունը 2019 թ. մարտի 29-ին, այսինքն՝ միությունից դուրս գալու մասին գրավոր ծանուցում ներկայացնելուց երկու տարի անց: Սակայն Համայքների պալատի պատգամավորները երեք անգամ մերժեցին բրեքսիտի պայմանների մասին կառավարության և Բրյուսելի համաձայնության նախկին նախագիծը, որը վարչապետ Թերեզա Մեյի ձեռքբերումն էր: Եվրամիությունը համաձայնեց հետաձգել բրեքսիտը մինչև ապրիլ, ապա մայիս և վերջապես հոկտեմբերի 31-ը, իսկ Մեյը ստիպված եղավ հրաժարական տալ, քանի որ չկարողացավ այդ փակուղուց ելք գտնել: Նրան փոխարինելու եկած Բորիս Ջոնսոնը պնդում է, որ երկիրն անպայման պետք է լքի Եվրամիությունը հոկտեմբերի 31-ին, լինի գործարքով, թե առանց դրա: