Անցնող շաբաթն աշխարհում
Պատերազմը որպես խաղաղության ակունք
Թուրքիան ամեն օր գոհունակությամբ ամփոփում էր իր ներխուժման արդյունքները և օր օրի, ժամ առ ժամ «Խաղաղության ակունք» գործողությամբ շատ պատկերավոր ցույց տալիս, որ իր կոչումը նվաճումն է, իսկ իր ներքին խաղաղության պայմանը՝ պատերազմը:
Երկուշաբթի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ թուրքական ռազմական գործողության 5-օրյա արդյունքներով՝ 490 «ահաբեկիչ» է չեզոքացվել, որոնցից 440-ը սպանվել են, 26-ը վիրավորվել, ևս 254 –ը վայր են դրել զենքը: Եվ այսպես ամեն օր: Իհարկե, Թուրքիայի հաղորդագրությունների համաձայն՝ բոլոր զոհվածներն ահաբեկիչներ են, իսկ եթե զոհեր և վիրավորներ են եղել խաղաղ բնակչությունից, ապա միայն և միայն սիրիական զորքերի ռմբակոծությունների հետևանքով:
Այնինչ այլ աղբյուրներից ստացվող տվյալներն ուղղակի աղաղակող են: ՄԱԿ-ի երկուշաբթի օրվա տվյալներով՝ մոտ 130 հազար մարդ ստիպված է եղել հեռանալ իր բնակավայրից, ՅՈՒՆՒՍԵՖ-ի տվյալներով՝ 170 հազար երեխա արդեն հումանիտար օգնության կարիք ուներ: Հինգշաբթի հարկադրաբար տեղահանվածների թիվը հասավ 300 հազարի: Եվրոպական միությունից շարունակվում էին դատապարտող հայտարարություններն ու ռազմական գործողությունները դադարեցնելու և զորքերը Սիրիայի տարածքից դուրս բերելու կոչերը, թեպետ բոլորն էլ հիանալի գիտեն, որ Թուրքիան անդրդվելի է:
Երեքշաբթի՝ հոկտեմբերի 16-ին ՆԱՏՕ-ի խորհրդի նիստի ժամանակ Թուրքիան խոստացավ իրազեկել միության գործընկերներին իր հարձակումների, ռազմական գործողությունների գոտում վնասի չափի և փախստականների հոսքի մասին, սակայն տեղեկացրեց, որ Սիրիայի հյուսիսում գործողությունները կշարունակվեն մինչև նոյեմբերի առաջին կեսը:
Սակայն այս շաբաթ հետաքրքիր դրվագներով դրսևորվեց Էրդողան-Թրամփ սիրախաղը, որոնք կարելի էր զվարճալի համարել, եթե այդ ամենը տեղի չունենար իրական պատերազմի թատերաբեմում:
Թուրքիայի նախագահ Էրդողանը տեղեկանալով, որ շուտով ժամանելու է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը՝ բանակցելու իր հետ, հայտարարեց, որ չի խոսի Մայք Փենսի հետ, ամերիկյան պատվիրակները կբանակցեն իրենց պաշտոնակիցների հետ, իսկ ինքը կխոսի միայն նախագահ Թրամփի հետ։ Եվ այնուամենայնիվ խոսեց: Էրդողանի և Փենսի բանակցությունների արդյունքում նույնիսկ համաձայնություն ձեռք բերվեց: Էրդողանը 120 ժամով հրադադար կանի, որպեսզի այդ ընթացքում քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG) կարողանան հեռանալ գործողության շրջանից, իսկ Վաշինգտոնը փուլ առ փուլ կվերացնի Անկարայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները:
Իհարկե, հաջորդ օրն իսկ Թուրքիան խախտեց հրադադարը և շարունակում է դա անել՝ նույն բանի մեջ մեղադրելով քրդական կողմին:
Բայց հետաքրքրականն այն է, որ բանակցությունների հաջորդ օրն իսկ լրատվամիջոցների ձեռքն ընկավ Թրամփի նամակը Էրդողանին՝ գրված հոկտեմբերի 9-ին՝ նախքան գրոհը Սիրիայի վրա։ Թրամփն այդ նամակում առաջարկում էր Էրդողանին չներխուժել Սիրիա, այլ բանակցել քրդերի հետ, որպեսզի չմեղադրվի հազարավոր մարդկանց սպանության մեջ, ինքն էլ ստիպված չլինի հարվածել Թուրքիայի տնտեսությանը, ինչպես արդեն արել է մի անգամ: Եվ զգուշացնում էր՝ եթե ոչ, Էրդողանը պատմության մեջ կմնա որպես որպես սատանա: «Մի՛ եղիր պնդաճակատ տղա, հիմար մի՛ եղիր»,- գրել էր ԱՄՆ նախագահը: Հայտնի դարձավ, որ Էրդողանը աղբարկղն է նետել նամակը և ձեռնամուխ եղել ռազմարշավի մեկնարկին:
Այսուհանդերձ հնգօրյա հրադադարի որոշումից հետո Թրամփն անմիջապես արձագանքեց շռայլ գովասանքներով՝ Էրդողանին հռչակելով «չտեսնված լավ առաջնորդ»: «Նա խիստ և ուժեղ մարդ է: Եվ նա ճիշտ վարվեց: Մենք գնահատում ենք դա և ապագայում էլ կգնահատենք»,- ասել է Թրամփը լրագրողներին:
Արևմտյան լրատվամիջոցները, բացի լուրջ վերլուծություններից, սուր երգիծանքով են արձագանքում Էրդողան-Թրամփ սիրախաղին: Մասնավորապես ծաղրանկարներ են հայտնվել գերմանական մամուլում, որոնցից մեկում ԱՄՆ նախագահը Թուրքիայի դրոշով կարմիր գորգ է փռում Թուրքիայի նախագահի համար և ճանապարհ է բացում դեպի Սիրիա: Նկարում Թրամփի առջև կանգնած են քուրդ զինյալներ և քաղաքացիական անձինք, որոնց ԱՄՆ նախագահը դեպի անապատ է ուղղորդում:
Որտե՞ղ է Ջոնսոնի փոսը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որ սիզիֆյան ջանքեր է գործադրում ինչ գնով լինի Մեծ Բրիտանիան հոկտեմբերի 31-ին Եվրամիությունից անջատելու համար, այս շաբաթ հաղթանակ տարավ Բրյուսելում, բայց պարտվեց Լոնդոնում: Նրան հաջողվեց պայմանագիր կնքել Եվրամիության հետ, և Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերն էլ հայտարարեց, որ դրա շնորհիվ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետի երկարաձգման կարիք չի լինի: Բայց այդ փաստաթուղթը դեռ պետք է հաստատեին Եվրամիության և Մեծ Բրիտանիայի խորհրդարանները: Մինչդեռ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը հոկտեմբերի 19-ին՝ շաբաթ օրը, ոչ թե հաստատեց այդ պայմանագիրը, այլ փոփոխություն մտցրեց դրա մեջ, որը բրեքսիտի ժամկետի նոր երկարաձգում է ենթադրում:
Բորիս Ջոնսոնը ստիպված էր ենթարկվել օրենքին և նամակ հղել Բրյուսել բրեքսիտի հերթական հետաձգման խնդրանքով: Բայց նա չստորագրեց այդ նամակը և դրա հետ ևս մի նամակ ուղարկեց Բրյուսել արդեն իր ստորագրությամբ, որով խնդրում էր չանել առաջին նամակի խնդրանքը, այսինքն՝ չհամաձայնել հետաձգմանը: Կարծիքներ են հնչում արդեն, որ այդ արարքի հետևանքով Ջոնսոնն օրենքի հետ կապված խնդիր է ունենալու:
Այսպես թե այնպես երկու հակադիր բովանդակությամբ նամակներն անելանելի դրության մեջ են դրել Եվրամիությանը, որն այժմ ստիպված է ընտրություն կատարել, կա՛մ բավարարել Բրիտանիայի խորհրդարանի խնդրանքը, կա՛մ վարչապետինը: Իսկ արևմտյան լրատվամիջոցները գրում են արդեն, որ բրեքսիտի գործընթացը ըստ երևույթին երբեք վերջ չի ունենալու:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը զարմացնում և զայրացնում է մայրցամաքային Եվրոպային, բայց բոլորն էլ հասկանում են, որ կտրուկ որոշումը վնաս է հասցնելու ոչ միայն Բրիտանիայի, այլև եվրոպական երկրների տնտեսությանը, ուստի հարկադրված նյարդային անորոշությունը գերադասում են անկանխատեսլի հետևանքների հեռանկարով որոշակիությունից:
Իսկ News Thump երգիծական պարբերականը, հիշեցնելով վարչապետ Ջոնսոնի այն խոսքը, թե կգերադասի ջրափոսում խեղդվել, քան Եվրամիությունից բրեքսիտի հերթական հետաձգում խնդրել, օրերս հարց տվեց. եթե նա արդեն խնդրել է, ապա նկատի ունեցե՞լ է որևէ որոշակի փոս, թե՞ հիմա ժողովուրդը պետք է գտնի համապատասխան փոսը՝ լցված ջրով: Որտե՞ղ գտնել փոսը:
Ժողովրդավարական ցունամի
Այս շաբաթն առանձնահատուկ էր հատկապես ժողովրդական ընդվզումների մեծ շառավղով: Զանգվածային և տևական բողոքի ցույցեր էին տեղի ունենում միանգամից մի քանի երկրներում՝ Իսպանիա (Կատալոնիա), Լիբանան, Չիլի, Մեծ Բրիտանիա: Ընդվզումները բռնկվեցին և՛ քաղաքական, և սոցիալական դրդապատճառներով:
Շաբաթվա սկզբին Կատալոնիայում՝ Բարսելոնայում և մյուս քաղաքներում, զանգվածային ընդվզումները սկսվեցին և ողջ շաբաթվա ընթացքում շարունակվեցին 2017 թ.Կատալոնիայի անկախության հանրաքվեի գործով Իսպանիայի գերագույն դատարանի դատավճիռների հետևանքով, ըստ որոնց 9 քաղաքական գործիչ դատապարտվեց 9-13 տարվա ազատազրկման:
Մեծ Բրիտանիայում ընդվզումը, որ տեղի ունեցավ անցած շաբաթ օրը, դարձյալ քաղաքական դրդապատճառներ ուներ: Հարյուրհազարավոր բիտանացիներ փողոցներ էին լցվել՝ դեմ արտահայտվելու բրեքսիտին:
Չիլիում և Լիբանանում դրդապատճառը սոցիալական էր: Չիլիում ընդվզումը բռնկվեց մետրոյի փոխադրավարձի բարձրացման պատճառով, Լիբանանում զանգվածային դժգոհության առիթը կառավարության որոշումն էր WhatsApp-ի համար ամսական 6 դոլարի չափով հարկ սահմանելու մասին:
Քաղաքական թե ոչ, բոլոր խաղաղ ցույցերը վերաճեցին զանգվածային անկարգությունների, ոստիկանության հետ բախումների ու ավերածությունների, հարյուրավոր տուժածների՝ կաթվածահար անելով տվյալ երկրների բնականոն կյանքը: Չիլիի նախագահ Պինյերան արտակարգ դրություն մտցրեց երկրի մայրաքաղաք Սանտյագոյում և նրա արվարձաններում բռնկված անկարգությունների պատճառով՝ բնավ մտադիր չլինելով վերանայել մետրոյի փոխադրավարձի սակագինը, մինչդեռ Լիբանանի կառավարությունն արագ արձագանքեց՝ իր որոշումը չեղարկելով, փաստորեն բողոքը բավարարելով: Այսուհանդերձ ընդվզումը շարունակվում է, և պայքարն այժմ առհասարակ երկրի իշխանությունների հարկային քաղաքականության և կոռուպցիայի դեմ է:
Թե ինչ հանգուցալուծում կունենան այս բախումները և ինչ հետևանքներ կունենան տվյալ երկրների համար, ըստ երևույթին հայտնի կդառնա ընթացիկ և առաջիկա շաբաթներին:
Մինչ այդ Ճապոնիան կվերացնի այն ավերածությունները, որոնք որոնք երկրին հասցրեց բնական ցունամին՝ «Հագիբիս» թայֆունը: Իսկ առանց այդ էլ աղքատ Նիգերի 23 հազար բնակիչներ, որոնք լքեցին իրենց տները սոսկալի ջրհեղեղի պատճառով, ամենայն հավանականությամբ կհայտնվեն էլ ավելի ծանր վիճակում: