Հայերեն   English   Русский  

Ելենա Երևան. ուրախություն սփռող աղջիկը


  
դիտումներ: 5005

Եթե փողոցում տխուր և անտրամադիր նստած լինեք ու մի աղջիկ մոտենա, Ձեր կողքին նստի ու սկսի կիթառ նվագել ու երգել` մի զարմացեք: Այդ աղջիկը սիրում է անտրամադիր մարդկանց ուրախություն պարգևել:

24-ամյա Ելենա Երևանն արդեն մոտ չորս տարի է` շրջում է Երևանի փողոցներով, ընտրում մռայլ մի անկյուն ու քիչ անց իր երաժշտությամբ ու երգով ստեղծում աշխույժ ու դրական էներգիայով միջավայր` «ստիպելով» մարդկանց ակամա պարել, ծափ տալ ու հիանալ իր կատարումներով:

Ելենան դեռ փոքր հասակից սիրել է արվեստի հետ կապված ամեն ինչ. եղբոր հետ տարիներ շարունակ պարի խմբակ է հաճախել, ինքնուրույն էլ հա՛մ նկարել է, հա՛մ երգել: Պատմում է, որ իր ամենասիրելի պահերն այն ժամերն էին, երբ ինքը տանը մենակ էր լինում:

«Հենց տանը մարդ չէր լինում, իմ աստղային ժամը գալիս էր, միացնում էի իմ սիրած երգերն ու սկսում երգել»,- պատմում է Ելենան:

12 տարեկան էր, երբ հորաքրոջ տանը կիթառ տեսավ ու սիրահարվեց այդ նվագարանին: «Մտածեցի` շատ լավ կլիներ, եթե կարողանայի ինքս ինձ նվագակցել»,- հիշում է նա:

Դեռահաս աղջնակը սկսում է կիթառի անհատական պարապմունքների հաճախել, իսկ որոշ ժամանակ անց, երբ հասկանում է, որ ուզում է այդ գործիքի «ուղն ու ծուծն» իմանալ, նաև սկսում է երաժշտական դպրոց հաճախել:

Երիտասարդ երգչուհու հիմնական ունկնդիրներն ընտանիքի անդամներն էին, որոնք ոչ միայն հիանում էին նրա կատարումներով, այլև զգում էին, որ նրա տաղանդը պետք է նաև հանրությանն ի ցույց դնել:

Երկար պնդումներից հետո, ի վերջո, Ելենայի ծնողները համոզում են նրան, որ նրա կատարումներից մեկը տեսագրեն և տեղադրեն համացանցում` youtube-ում: Դիտումների մեծ քանակն ու ստացված արձագանքները ոգևորում են աղջկան շարունակելու գործը` տեսանկարահանել իր կատարումներն ու տեղադրել համացանցում:

«Youtube-ում հեշտ է, քան իրական կյանքում: Երբ բեմ ես բարձրանում` հարյուրավոր մարդիկ ուշադիր քեզ են նայում: Ես լարվածությունից շփոթվում եմ, մատներս ինձ չեն ենթարկվում, որ նվագեմ: Իսկ Youtube-ում այդպես չէ, էլի հարյուրավոր ու անգամ հազարավոր հանդիսատես ունեմ, բայց ես տանն եմ երգում, ազատ, անկաշկանդ», ասում է Ելենան:

Ելենա Երևան

Հիշում է, որ տարիներ առաջ սարսափում էր այլոց առջև երգելու մտքից, քանի որ ինքնամփոփ ու ամաչկոտ էր: Սակայն այս խնդրին էլ Ելենայի հայրը կարողացել է լուծում գտնել: Youtube-յան հաջողությունից հետո, երբ երիտասարդ երգչուհին երազում էր որևէ համերգի ելույթ ունենալու հնարավորության մասին, հայրն առաջարկեց փողոց իջնել ու երգել մարդկանց համար:

«Հայրս ասաց` ի՞նչ կարևոր է` բեմի վրա երգես, արի իջնենք փողոց, մարդկանց համար երգիր: Սկզբում վախենում էի, մտածում էի` փողոցում ամեն մեկն իր գործով է գնում, մարդկանց պիտի խանգարեմ, բայց պարզվեց, որ փողոցում հաճույքով ունկնդրում են իմ երգերը: Ու այդպես արդեն 3-4 տարի»,- ասում է Ելենան:

Աղջկա բեմական անվան ընտրության հարցում ևս հայրն է օգնել` Ելենա Երևան, որպեսզի ամեն մեկին պարզ լինի, որ երգչուհին Երևանից է:

Իսկ նրա երգացանկում գերակշռում են իսպանական Gipsy kings խմբի և Ռուբեն Հախվերդյանի երգերը: Ելենան պատմում է, որ իր համացանցային հաջողության սկզբում իրեն շատ-շատ էին գրում իսպանացիները` դրվատանքի ու հիացմունքի խոսքեր շռայլելով: Հետո է միայն իմացել, որ իրեն իսպանացի են կարծում, քանի որ, չնայած լեզվին չի տիրապետում, բայց իսպաներեն երգերը կարողանում է մաքուր հնչողությամբ կատարել:

Ապրիլի 19-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանա Ելենայի առաջին մեծ մենահամերգը Հայաստանում: Երգչուհին ասում է, որ հանդիսատեսի բարձր տրամադրությունը երաշխավորված կլինի: Իսկ թե երգացանկում ինչ կլինի` փակագծերը չի բացում. թող անակնկալ մնա:

Ելենան մինչ այս նաև համերգներով հանդես է եկել ամերիկյան մի քանի հայաշատ քաղաքներում: Հենց այնտեղ է, որ հանդիպել է իր երաժշտական կուռքերին`Gipsy kings խմբին ու անգամ երգել նրանց համար: Սակայն նրա ամենամեծ երազանքը դեռևս անկատար է` բեմից հանդիսատեսի համար երգել Gipsy kings խմբի հետ: Նա վստահ է, որ մի օր այս ցանկությունն էլ կկատարվի, չէ՞ որ նմանատիպ մի այլ ցանկություն արդեն իրականություն է դարձել` երգել է Ռուբեն Հախվերդյանի հետ:

Ու չնայած Ելենան ցանկանում է համերգներ ունենալ աշխարհի տարբեր բեմերից, ապրելու համար, Հայաստանից բացի, այլ վայր չի պատկերացնում: Նիկողոսյանների ընտանիքը 90-ականների կեսերին Ռուսաստան է տեղափոխվել, այնտեղ է Ելենան դպրոց հաճախել: Իսկ 2011-ին ընտանիքով Հայաստան վերադառնալուց հետո Ելենան հասկացել է, որ ուզում է ապրել ու ստեղծագործել հենց իր հայրենիքում:

Իսկ իր արվեստի երկրպագուներին խոստանում է առաջիկայում նոր տեսահոլովակներ ձայնագրել ու տեղադրել համացանցում: Այն հարցերին, թե երբ կլինի հաջորդ ելույթը փողոցում, նա պատասխանում է` երբ անցնելիս տխուր մարդկանց տեսնի ու նրանց ուրախացնելու ցանկություն առաջանա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: