ՄԽԻԹԱՐ ՍՊԱՐԱՊԵՏ
Դավիթ Բեկը կարճ ժամանակում ամրակուռ իշխանություն ստեղծեց: Պարսից շահն առանց վարանելու ճանաչեց հայոց իշխանությունը Սյունիքում, Դավիթ Բեկին կարգեց Կովկասում գտնվող պարսկական բանակների հրամանատար՝ հրամայելով պարսիկ խաներին հաշվի նստել Բեկի հետ ու նրան, ըստ անհրաժեշտության, զինական օգնություն ցուցաբերել: Դավիթ Բեկը ստացավ նաև դրամ հատելու իրավունք: Սրանով, փաստորեն, Սյունիքը՝ Դավիթ Բեկի իշխանությունը, ստանում էր լիակատար անկախություն, որի հաջորդ քայլը պետք է անկախ թագավորության հռչակումը լիներ:
Իսկ Դավիթ Բեկի վարած պատերազմներում մեծ էր Մխիթար սպարապետի դերակատարությունը: Քաջ, անվեհեր այս մարտիկն իր ռազմավարական տաղանդով Սյունիքի անկախ իշխանության զորության գրավականն էր:
Մխիթար սպարապետի ծննդյան բուն թվականն անհայտ է: Հայտնի է, սակայն, նրա ծննդավայրը՝ Գանձակ քաղաքը Հյուսիսային Արցախում: Ցավոք, հայտնի չէ նաև Մխիթարի տոհմանունը, նրա զբաղեցրած դիրքը. ազնվական մելիքների զարմի՞ց էր, թե՞ շարքային հայ շինականի որդի: Հավանաբար, վաղ տարիքից տեղափոխվել է Վրաստան ու ծառայության անցել վրաց արքունիքում: Վրացական բանակում միշտ էլ շատ հայ զորականներ են ծառայել ու իրենց սրով փառք կերտել:
Պարզ է մի բան. Մխիթարը Սյունիք եկավ արդեն սպարապետի տիտղոսով: Հետևաբար, դեռևս վրաց արքունիքում ծառայության ժամանակ աչքի է ընկել քաջությամբ ու հմուտ մարտավարությամբ:
Դավիթ Բեկի կենդանության օրոք Մխիթարն աչքի ընկավ Զևայի ճակատամարտում, երբ գրավեց անառիկ բերդն ու ջախջախեց թուրքական 4000-անոց կայազորը: Ապա աչքի ընկավ Որոտանի բերդի գրոհի ժամանակ: Թուրքական բանակը համառորեն պաշտպանվում էր, սակայն հինգերորդ փորձից հայկական ուժերին հաջողվեց գրավել Որոտանը նույնպես:
Բայց Մխիթարի ամենափայլուն հաղթանակը, ինչ խոսք, Հալիձորի ճակատամարտն էր: Թուրքական մեծաքանակ զորքը պաշարել էր ամրացված Հալիձորը: Պաշարման շղթան սեղմվում էր օրեցօր: Եվ հայերը որոշում են անակնկալի բերել թշնամուն: 300 զինյալներով, անակնկալ դուրս գալով թշնամու թիկունքը, Մխիթարը հարվածեց թուրքերին: Միաժամանակ թշնամուն բերդից հարվածեց Դավիթ Բեկը: Թուրքական բանակը ջախջախվեց ու մարտադաշտում թողնելով 13 հազար սպանված՝ ճողոպրեց: Հայերը նաև մեծ ռազմավար ձեռք բերեցին:
Մխիթարը, դարձյալ ծուղակ պատրաստելով թուրքերի համար, Մեղրիում մեծ կորուստներ պատճառեց ոսոխին ու ազատագրեց Մեղրին: Թշնամին մեծ կորուստներ տալով՝ միայն Արաքսն անցնելով փրկեց իր բանակի մնացորդները:
Այսուհանդերձ, Մխիթարի ու Դավիթ Բեկի միջև որոշ տարաձայնություններ կային. Դավիթ Բեկը, ավելի հեռատես ու դիվանագետ լինելով, ձգտում էր բարիդրացիական հարաբերություններ հաստատել պարսիկների հետ, ինչին դեմ էր Մխիթարը` համարելով, որ մահմեդականների հետ բարեկամությունն անհնարին է: Կյանքը ցույց տվեց Բեկի ճշմարտացիությունը: Սակայն այս տարաձայնություններն առիթ դարձան, որ Մխիթարը խռովի ու հեռանա Դավիթ Բեկից: Բայց լսելով, որ Մարաղայի ճակատամարտում Դավիթ Բեկի բանակը շրջափակված է ու վտանգի մեջ է, Մխիթար սպարապետն իր բանակով սրընթաց հարձակմամբ հարվածեց թուրքերի թիկունքին ու Մարաղայի ճակատամարտի հաղթության անիվը թեքեց իր կողմը: Մարաղայից հետո երկու հերոսները դարձյալ հաշտվեցին:
Մխիթարը հայության վերջնական ազատագրության տեսլականը կապում էր ռուսական բանակի հետ: Բայց ձեռքերը ծալած չէր սպասում ռուսներին:
XVIII դարի սկզբին հայ զինվորականությունը սերտ կապեր էր հաստատել ռուսաց կայսր Պետրոս Առաջինի հետ, որը ծրագրում էր Կասպիական արշավանքն ու Անդրկովկասի նվաճումը պարսիկներից ու թուրքերից: Իր պլանների իրականացման համար ռուսական կաբինետը, բնականաբար, հայ ժողովրդի և հայ զինվորականության աջակցության կարիքն ուներ: Եվ, իրոք, Պետրոս Մեծն իրականացրեց Կասպիական արշավանքը, որին հայերն ու վրացիները սպասում էին անհամբերությամբ:
Հայ-վրացական բանակը հավաքվեց Գանձակում ու սպասում էր ռուսական զորքի գալստյանը՝ վճռական հարված հասցնելու թուրքերին ու պարսիկներին: Սակայն ռուսները չեկան: Կասպյան ափերից նահանջեցին՝ փաստորեն խաբելով ու դավաճանելով հայերին ու վրացիներին: Բնականաբար, թուրքերը պետք է պատժիչ արշավանք ձեռնարկեին անհնազանդ հայության դեմ այդ «դավաճանության» և ռուսական բանակն Անդրկովկաս հրավիրելու համար: Սա ռուսական կաբինետի կողմից հայության շահերի ստորադասման և հայությանը դավաճանելու առաջին դեպքն էր: Ցավոք, հետագա դարերում հայությունը հետևություններ չարեց:
Մխիթարին դավաճանեց հայ եկեղեցին: Առհասարակ եկեղեցին այս շարժմանը չէր մասնակցում որևէ կերպ: Սակայն նրա սպասավորներից տեր Ավետիս քահանան Դավիթ Բեկի շարժման առաջամարտիկներից էր: Նա Դավիթ Բեկի մահից հետո ձգտեց առաջնության՝ ցանկանալով գահերեց իշխանի պաշտոնը գրավել, սակայն զորքն ու ժողովուրդը, առանց տարաձայնության, ընտրեց Մխիթարին: Սա դարձավ քահանայի դավաճանության պատճառը, և նա Հալիձորի դարպասները բացեց թուրքերի առջև:
Թուրքական բանակը պաշարում է Հալիձորը: Մխիթարն ընտրում է երկարատև պաշտպանությամբ ու գիշերային անակնկալ հարձակումներով թշնամուն հյուծելու մարտավարությունը: Դրան դեմ էր տեր Ավետիս քահանան: Ի վերջո, Մխիթար սպարապետը գիշերով դուրս է գալիս բերդից դրսի ուժերը համախմբելու և թշնամուն թիկունքից անակնկալ հարվածելու նպատակով: Տեր Ավետիս քահանան օգտվում է առիթից ու դիմում ստոր քայլի. բանակցում է թուրքերի հետ, ստանում իր ու իր ընտանիքի կյանքի ապահովության երաշխիք և նրանց առջև բացում է ամրոցի դռները:
Թուրքերը, գրավելով Հալիձորը, իսկական նախճիր սարքեցին՝ կոտորելով թե՛ ամրոցի պաշտպան մարտիկներին, թե՛ բնակչությանը: Առանձնապես դաժանությամբ հաշվեհարդար տեսան Մխիթարի կնոջ ու զավակների նկատմամբ:
Որպես դավաճանության հատուցում` նրանք տեր Ավետիսին կարգեցին Հալիձորի բերդապետ ու առատ վարձատրեցին արծաթով: Հետագայում դավաճանն իր ընտանիքով տեղափոխվեց Երուսաղեմ ու կյանքի մնացած հատվածն անցկացրեց այնտեղ:
Սակայն Մխիթարը հուսահատվողներից չէր: Նա կարողացավ ծուղակ պատրաստել օսմանյան բանակի համար ու փայլուն հաղթանակ տանել Մեղրու ճակատամարտում: Մխիթարը հավաքեց զորքի մնացորդներն ու հարձակվեց Օրդուբադի վրա, գրավեց քաղաքը՝ ավարառեց այն, շատերին կոտորեց՝ չխնայելով նաև հայերին, դրանով պատժելով նրանց դավաճանությունը: Ժամանակին Օրդուբադի հայերը, չցանկանալով միանալ Դավիթ Բեկին, ոչ միայն աղուհացով ընդունեցին թուրքերին, այլև քաղաքից կրակ թափեցին պարիսպների տակ մաքառող հայկական գնդերի վրա:
Ինչևէ, նա ազատագրեց Ագուլիսը, Նախիջևանն ու պատրաստվում էր առաջ գնալ ու հայկական բանակով մտնել Արցախ՝ այն միացնելու իր իշխանությանը: Բայց օրդուբադցիների դավաճանությունը, ցավոք, միակը չէր: Կործանված Հալիձորից հետո Մխիթարն իր իշխանության կենտրոնը հաստատեց անառիկ Խնձորեսկ գյուղում: 1730 թ. խնձորեսկցիները դավադրաբար սպանեցին Մխիթար սպարապետին ու մելիք Փարսադանին, նրանց գլուխները կտրելով` նվեր տարան Թավրիզի Աբդուլլահ փաշային: Վերջինս զարմացած էր. «Ով անօրեններ, ինչպե՞ս համարձակվեցիք բոլորովին անտեղի սպանել ձեր տիրոջն ու այդպիսի քաջ մարդուն: Դուք չեք կարող հավատարիմ մնալ ոչ մի թագավորի, քանի որ մահու մատնեցիք ձեր թագավորին»: Եվ փաշայի հրամանով գլխատվում են Մխիթարի գլուխը բերողները:
Մխիթարի սպանությունից հետո Սյունիքում ազատագրական պայքարը ղեկավարելու և թշնամուն հակահարված տալու փորձ արեց նրա զորականներից Աբրահամ սպարապետը: Ավաղ, նրա ձեռնարկները հաղթական ավարտ չունեցան: Սյունիքի իշխանությունն անկում ապրեց: