Հայերեն   English   Русский  

«Դպրոցականի գրադարան» մատենաշարի հրատարակումը սառեցվել է. ակադեմիկոսն ահազանգում է


  
դիտումներ: 3835

ՀՀ գիտության կոմիտեի և Հայ-Ռուսական համալսարանի նախաձեռնությամբ 2013 թ. հիմնված «Դպրոցականի գրադարան» անվանմամբ գիտահանրամատչելի գրքեր ընդգրկող մատենաշարը հնարավոր է այլևս չհրատարակվի:

Մատենաշարի հերթական գիրքն արդեն պատրաստ է հրատարակության, սակայն հայտնի է դարձել, որ ինչ-ինչ պատճառներով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սառեցրել է գրքի հրատարակման համար անհրաժեշտ ֆինանսների տրամադրումը: Պատճառը, ըստ որոշ տեղեկությունների, ԿԳՄՍ նախարարության որոշակի օղակներում իշխող այն թյուր կարծիքն է, թե դպրոցականների համար գիտահանրամատչելի գրականության հրատարակումն այլևս նպատակահարմար չէ և անհրաժեշտ է ուշադրություն դարձնել միայն դասագրքերի հրատարակմանը:

Խնդրի մասին ահազանգել է ակադեմիկոս, Հանրային խորհրդի անդամ, Կրթության և գիտության նախկին նախարար Էդուարդ Ղազարյանը, որը նաև մատենաշարի խմբագրական կոլեգիայի համանախագահն է: Ակադեմիկոսն իր մտահոգությունը հայտնել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին և խնդրել, որպեսզի վերջինս հարցը ներեկայացնի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին:

Անկախ-ի տեղեկություններով՝ Մանուկյանն արդեն դիմել է նախարարին՝ առաջարկելով քննարկել բարձրացված հարցը և դրա լուծման հնարավորությունները:

Մեզ հետ զրույցում Էդուարդ Ղազարյանը, մտահոգություն հայտնելով մատենաշարի հրատարակումը սառեցնելու վերաբերյալ, նշեց, որ իր համար զարմանալի է այս ամենը, քանի որ դեռևս նախորդ տարի մատենաշարի շրջանակներում հրատարակված գրքերը ներկայացվել են նախարար Արայիկ Հարությունյանին, և վերջինս հավանության է արժանացրել դրանք` ասելով՝ շարունակե՛ք:

«Հիմա ես չեմ կարող ասել, թե որ օղակում է դա սառեցվել»,-ասաց Ղազարյանը:

Ինչևէ, նա հույս հայտնեց, որ բարձրացված հարցը դրական արձագանք կստանա նախարարի կողմից, և մատենաշարը կշարունակվի հրատարակվել:

Ի՞նչ է իրենից ներկայացնում «Դպրոցականի գրադարան» մատենաշարը և ինչո՞վ է կարևոր հրատարակության շարունակությունը:

Այն իր տեսակի մեջ եզակի է և մեծ հետաքրքրություն է վայելում ոչ միայն դպրոցականների, այլև ուսուցիչների շրջանում, քանի որ ներկայացված է պարզ, մատչելի լեզվով և գեղեցիկ պատկերազարդմամբ: Մատենաշարի հեղինակները Հայաստանի առաջատար գիտնականներ են, որոնք հանրամատչելի ձևով ներկայացնում են քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության, մաթեմատիկայի և ինժեներական գիտությունների առկա վիճակը և ձեռքբերումներն աշխարհում:

Մատենաշարի գրքերի հրատարակման համար նախարարությունը տարեկան 3-4 միլիոն դրամ է հատկացրել, որի շնորհիվ տպագրվել է գրքի 1400 օրինակ և բաժանվել Հայաստանի դպրոցներին: Ավելին, որոշ ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցներում նշված ձեռնարկների շնորհիվ նույնիսկ մշակվել են հատուկ դասընթացներ:

Տեղեկություններ կան, որ այդ հարցերով այժմ զբաղվում է նախարարի տեղակալներից մեկը՝ Լուսինե Առաքելյանը, որն էլ հավանաբար կարծում է, թե այս մատենաշարի հրատարակումը նպատակային չէ:

«Եթե դա իրոք այդպես է, ապա դա հղի է վտանգավոր հետևանքներով,-նշեց ակադեմիկոսը,-չէ՞ որ մենք լավ գիտենք, որ ուսուցիչների որակավորման մակարդակը էապես կախված է ինչպես գիտության վերջին նվաճումների վերաբերյալ տեղեկացվածությունից, այնպես էլ ուսումնամեթոդական և գիտամեթոդական գրականության առկայությունից: Ցավոք, հանրամատչելի թեմատիկայով հայալեզու հրատարակությունները շատ քիչ են, և այդ տեսակետից «Դպրոցականի գրադարանը» կարևոր լուսավորչական դեր էր խաղում Հայաստանի կրթական դաշտում»:

Էդուարդ Ղազարյանի խոսքով՝ գիտահանրամատչելի նման հրատարակություններն աշխարհում նորություն չեն, իսկ մեր երկրում, որտեղ կառավարության մակարդակով հայտարարվել է Հայաստանը բարձր տեխնոլոգիաների երկիր դարձնելու մասին, սա առավել քան կարևոր է:

«Բարձր տեխնոլոգիաների հիմքում առաջին հերթին բնական գիտություններն են: Մենք պետք է կարողանանք դեռևս դպրոցական տարիքի երեխաների ուշադրությունը սևեռել այդ գիտությունների վրա: Հատկապես ժամանակակից գիտական արդյունքների հանրամատչելի շարադրանքն է հաճախ կանխորոշում դպրոցականներից շատերի հետագա գիտական գործունեության ընտրությունը: Առանց այն էլ մեզ մոտ բոլորն ուզում են իրավաբան ու տնտեսագետ դառնալ, իսկ բնական գիտությունների ոլորտում մենք լուրջ խնդիր ունենք»,-նշում է Ղազարյանը:

Գիտնականը որպես օրինակ բերում է դեռևս խորհրդային շրջանում ստեղծված և մինչ օրս հրատարակվող «Քվանտ» գիտահանրամատչելի հանդեսը, որը նույնպես հասցեագրված է դպրոցականներին, և որի հիման վրա հետագայում հիմնվեց գիտահանրամատչելի գրքերի մատենաշարը՝ «Քվանտի Գրադարանը»:

«Այդ մատենաշարը ուղեցույց դարձավ ապագա շատ գիտնականների համար, որոնք գիտության մեջ իրենց քայլերն սկսել էին դեռևս դպրոցական նստարանից և դարձել գիտության դոկտորներ և տարբեր ակադեմիաների անդամներ»:

Ակադեմիկոսը նաև ընդգծում է, որ Հայաստանում ավանդաբար բնական գիտությունների զարգացման մակարդակը միշտ բարձր է եղել, և մեր գիտնականները մշտապես մասնակցել են խորհրդային գրեթե բոլոր առաջատար գիտական ծրագրերին:

«Ցավոք, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում հետաքրքրությունը բնական գիտությունների հանդեպ կտրուկ անկում ապրեց, մինչդեռ արդի տեխնոլոգիական պրոցեսները, որոնք ազգային անվտանգության հիմքն են, ամբողջովին հիմնված են հատկապես բնագիտական գիտաճյուղերի վրա: Ուստի Հայաստանի զարգացման ներկայիս փուլում բացառիկ կարևոր նշանակություն ունի գիտության և տեխնիկայի տարբեր ոլորտների (սկսած քիմիայից՝ վերջացրած միկրո– և նանոէլեկտրոնիկայով) բարձրակարգ մասնագետների պատրաստումը: Այդպիսի մասնագետների պատրաստումը երկարատև և թանկ արժեցող գործընթաց է, որն իրականացվում է՝ սկսած հանրակրթական դպրոցի ավագ դասարաններից, երբ արվում են սովորողների պրոֆեսիոնալ կողմնորոշման առաջին քայլերը»,-ասում է Էդուարդ Ղազարյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: