Հայերեն   English   Русский  

Քաղաքաշինության կոմիտեն իրեն վերապահված գործառույթները իրականացնելու փոխարեն, ի ցույց է դնում նախկին համակարգին վերադառնալու ակնհայտ միտումը. ճարտարապետների պալատ


  
դիտումներ: 302

Հայաստանի Հանրապետության Ճարտարապետների պալատը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հայաստանի ճարտարապետների պալատում ս/թ հոկտեմբերի 21-ին հրավիրվել էր Պալատի խորհրդի արտահերթ նիստ, որի առիթը Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի՝ պաշտոնից ազատվելու մասին հայտարարության հրապարակումն էր, որի պատճառն, ըստ Պետրոսյանի՝ ներկայումս քաղաքաշինության բնագավառում բարեփոխումների և առաջընթացին ուղղված քայլերի բացակայությունն է:

Սարհատ Պետրոսյանը Ճարտարապետների պալատի խորհրդի անդամ է, մինչև պալատի վերակազմավորումն էլ Ճարտարապետների միության վարչության կազմում ընտրվել է երկու անգամ անընդմեջ։ Ավելի քան մեկ տասնամյակ նրա հասարակական գործունեությունը միտված է եղել Քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառի բարեփոխումների իրականացմանը։ Պետական կառավարման համակարգում պաշտոնի ստանձնումից հետո էլ նա չի դադարեցրել մասնակցությունը պալատի խորհրդի աշխատանքներին։

Խորհրդի անդամները նշեցին, որ բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ մտահոգություններն իսկապես բազմաթիվ են։ Դրանց համակարգված լուծումներ տալու անհրաժեշտությունից ելնելով է, որ «Հայաստանի Ճարտարապետների միավորում» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել և, փաստաթղթի մշակման տասնամյա ջանքերից հետո հաջողել է ընդունել «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքը։ Սակայն Քաղաքաշինության կոմիտեն, օրենքով իրեն վերապահված գործառույթները պատշաճորեն և սահմանված ժամկետներում իրականացնելու փոխարեն, հանդես է գալիս այնպիսի օրենսդրական նախաձեռնություններով, որոնք ի ցույց են դնում նախկին համակարգին վերադառնալու ակնհայտ միտումը:

Մինչդեռ արդի իրականությունում շարունակվում են նախորդ շրջանին բնորոշ «քաղաքաշինության լավագույն ավանդույթները»․

1․ առանց պատշաճ հանրային իրազեկման, առանց մասնագիտական շահագրգիռ քննարկումների կառուցապատվում են հարյուրավոր հեկտարներով տարածքներ

2․սակավահող հանրապետությունում առանց լուրջ հիմնավորումների, շրջանցելով Հողային օրենսգրքի և այլ իրավական ակտերի սահմանափակումները, առաջնորդվելով նախկին համակարգի հորինած ընթացակարգերով, բազմաթիվ գյուղատնտեսական հողամասեր դրվում են շինարարության տակ

3․նորմատիվ խախտումներով ու անհեռատեսորեն կառուցապատվում են հանրապետության ճանապարհներին մերձակա տարածքները

4․ «պետական համալիր փորձաքննություն» հնչեղ անվան տակ հարուցվում է ևս մի ձևական ու անիմաստ խոչընդոտ ներդրումային ծրագրերի իրականացման ճանապարհին
Եվ այս թվարկումը վերջնական չէ։

Սարհատ Պետրոսյանի «դժբախտությունն» այն է, որ որ նա, մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար լինելով, գիտակցում է, որ միայն հողային ու քաղաքաշինական օրենսդրության պահանջների պահպանմամբ ձևավորված գույքի պարագայում կարող է գույքային իրավունքների պետական գրանցում կատարվել: Հետևաբար, նրա գործունեությունը պետք է դիտարկել ոչ թե որպես «ներխուժում» այլ պետական մարմնի իրավասությունների դաշտ, այլ անշարժ գույքի ձևավորման (նախագծումից մինչև շինարարության ավարտ ու շահագործում) հետ կապված միջոլորտային իրավահարաբերությունների համալիր կարգավորման փորձ:
Խորհրդի անդամները հույս հայտնեցին, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը կմերժի պաշտոնից ազատվելու մասին Սարհատ Պետրոսյանի դիմումը և նա կշարունակի ու ավարտին կհասցնի իր իսկ նախաձեռնությամբ սկսված ծրագրերը, որոնց հայեցակարգերն արդեն հաստատվել են Կառավարության որոշումներով։

Իսկ Պալատը պատրաստ է, իր հնարավորությունների ու իրավասությունների սահմաններում, աջակցել Սարհատ Պետրոսյանի և ընդհանարապես մեր բոլոր գործընկերների նախաձեռնություններին, որոնք միտված կլինեն բնագավառի առողջացմանը, լինեն դրանք իրավական կարգավորումների նախագծեր, թե կոնկրետ գործողությունների ծրագրեր»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: