Հայերեն   English   Русский  

​Անասնապահ կինը Գյումրիում տղամարդ է դանակահարել


  
դիտումներ: 334

Երեկ՝ հոկտեմբերի 24-ի երեկոյան ոստիկանության Մուշի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վերքով և շոկային վիճակում բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ։

Ոստիկանները պարզել են, որ 40-ամյա մի կին, նույն օրը ժամը 19.00-ի սահմաններում, գտվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով խփել է իր ծանոթ տղամարդուն՝ պատճառելով վնասվածք:

Ինչպես ankakh.com-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը՝ կինը ներգրավվել է, որպես կասկածյալ և ձերբակալվել է: Նա տվել է նաև խոստովանական ցուցմունք:

- Կասկածյալը մշտական բնակության վայր չունի, ըստ իր ցուցմունքի ապրում է հարազատների, ընկերների տանը, մինչև դեպքն էլ անասնապահությամբ է զբաղվել այլ անձի մոտ, - ասում է Կարեն Գաբրիելյանը:

Կինը Աշոցքի տարածաշրջանի բնակիչ է, հոգեկան խնդիրներ ունենալու կամ հոգեբուժարանում հաշվառված լինելու մասին տվյալներ հիմա չկան, բայց մարզի դատախազը նշեց՝ նախաքննության արդյունքում դա էլ կպարզվի, կնշանակվի նաև դատահոգեբուժական փորձաքննություն:

Հոկտեմբերի 25-ին, ժամը 05.05-ին, հիվանդանոցից հայտնել են, որ տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: