Հայերեն   English   Русский  

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կդիտարկի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ նախաձեռնությամբ հանդես գալու հարցը:


  
դիտումներ: 1213

Առաջիկայում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կդիտարկի Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ նախաձեռնությամբ հանդես գալու կամ չգալու նպատակահարմարության վերաբերյալ հարցը:

Այս մասին Tert.am-ի՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ուղղված գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է նրա մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:

Հարցին, թե մամուլում չեն հերքվել տեղեկությունները, որ Վահե Գրիգորյանը աշխատավարձ է ստանում, օգտվում իրեն՝ որպես ՍԴ դատավոր տրված արտոնություններից, սակայն նիստերին չի մասնակցում, արդյոք չե՞ն պատրաստվում նրա գործունեության վերաբերյալ ՍԴ հարցում ուղարկել ու էական կարգապահական խախտման դեպքում լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծ ներկայացնել, Իվետա Տոնոյանը գրավոր հայտնել է. «Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում եմ, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հարցով Սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովը՝ գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր ձայների թվի առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ»: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունեն խմբակցությունները»:

Սույն հոդվածներում օգտագործվում են «կարող է դիմել» և «իրավունք ունի» արտահայտությունները, որոնք դիսպոզիտիվ են, այլ ոչ թե իմպերատիվ: Դրանից հետևում է, որ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հարցով Ազգային ժողովի խմբակցությունները ոչ թե պարտավոր են, այլ կարող են դիմել Սահմանադրական դատարան, հետևաբար նման որոշման նախագծով հանդես գալը հայեցողական իրավասություն է և չունի պարտադիր բնույթ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը առ այս պահը այդ թեմայով քննարկում չի ունեցել: Առաջիկայում մենք կդիտարկենք նման նախաձեռնությամբ հանդես գալու կամ չգալու նպատակահարմարության վերաբերյալ հարցը»: Նշենք, որ Վահե Գրիգորյանն ունի ծառայողական մեքենա, ամսական 793,000 դրամ աշխատավարձ է ստանում, ամսական 240 լիտր բենզինի կտրոն, ինչպես նաև պարգևավճարներ: Նա հունիսի 20-ին ընտրվել է ՍԴ դատավոր և չի մասնակցել որևէ նիստի:

Նշենք, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի էական կարգապահական խախտում է՝ Սահմանադրական դատարանի դատավորի` Սահմանադրական դատարանի նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ բացակայելը, երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող Սահմանադրական դատարանի դատավորի կրկին կարգապահական խախտում կատարելը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: