Հայերեն   English   Русский  

Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց. նա պնդում է, որ անելու է ամեն ինչ՝ իր անմեղությունը ապացուցելու համար


  
դիտումներ: 297

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին այսօր՝ հոկտոմբերի 28-ին, մեղադրանք առաջադրվեց։ Նրա խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

«Ես բացառապես համաձայն չեմ մեղադրանքի հետ և հայտարարել եմ, որ մեղադրանքն ապօրինի է, ինչ արել եմ, արել եմ Սահմանադրության և օրենքների սահմաններում, որևէ նախնական պայմանավորվածություն չի եղել, ամեն ինչ եղել է այնպես, ինչպես միշտ աշխատել է Ազգային ժողովը»,-ասաց Բաբլոյանը։

Նա պնդեց՝ շարունակելու է պայքարել․ «Ես հայտարարել եմ, որ այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվում, զբաղվում եմ առողջապահությամբ և նպատակս այնէ, որ ժողովուրդն ինչպես ինձ հարգել է, շարունակի հարգել, որևէ տեղ չեմ գնա, կմնամ այս երկրում, մինչև վերջ կպայքարեմ, որ հաստատեմ, որ արդար եմ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաբլոյանը ՀՔԾ էր հրավիրվել։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա երեկ Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկանիշներով։ Նույն քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ իշխանությունը յուրացնելու կասկածանքով։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: