Հայերեն   English   Русский  

Բուքիքիոն ասել է, որ Թովմասյանի դեմ քայլերը հետապնդման տպավորություն են թողնում. Hraparak.am


  
դիտումներ: 239

Իտալիայում պաշտոնական այցով գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շարունակում է հանդիպումներ ունենալ եվրոպական պաշտոնյաների հետ, գրում է «Հրապարակ»-ը։

«Մենք արդեն գրել ենք, որ հայաստանյան պաշտոնյաները քաղաքական գործարք են առաջարկում եվրոպացիներին՝ մենք կվավերացնենք Ստամբուլյան կոնվենցիան, դուք՝ աչք կփակեք ՍԴ-ի ու Հրայր Թովմասյանի հետ հաշվեհարդարի հետ։

Մենք գրել էինք, որ նախօրեին կայացել է հանդիպում Արարատ Միրզոյանի եւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ։ Միրզոյանը ներկայացրել է, որ մեր հասարակությունը հիմնականում դեմ է Կոնվենցիայի վավերացմանը, սակայն, եթե իրենց հաջողվի փոխել ՍԴ կազմը եւ հեռացնել Թովմասյանին, իրենց կհաջողվի նաեւ վավերացնել Կոնվենցիան։

ԱԺ նախագահը պնդել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի ամենալուրջ խոչընդոտը ՍԴ-ն ու ՍԴ նախագահն են։

Այսօր մենք լրացուցիչ տեղեկություններ ենք ստացել այս հանդիպման մասին, այս անգամ՝ Վենետիկի հանձնաժողովին մոտ կանգնած աղբյուրից։ Պարզվում է Բուքիքիոյի եւ Միրզոյանի հանդիպումն այնքան էլ հարթ չի անցել։

Ջաննի Բուքիքիոն ՀՀ ԱԺ նախագահի ուշադրություն է հրավիրել Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունների վրա եւ ասել է, որ Հրայր Թովմասյանի դեմ իրականացվող գործընթացները քաղաքական հետապնդման տպավորություն են թողնում։ Նաեւ կոչ է արել զերծ մնալ Սահմանադրական դատարանի նկատմամբ ոտնձգություններից՝ կարեւորելով դատական համակարգի անկախությունը։

Նա նշել է, որ ոչ միայն Վենետիկի հանձնաժողովը, այլեւ եվրոպական կառույցներն ուշադրությամբ հետեւում են Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին», - գրել է կայքը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: