Խոհանոցում գտնված նկարը վաճառվել է 24 մլն եվրոյով
Աճուրդի տունը չի բացահայտել գնորդի անունը, սակայն հայտնել է, որ հավակնորդների թվում եղել են ոչ միայն մասնավոր հավաքորդներ, այլև մի արտասահմանյան թանգարան:
«Այս աճուրդում ինչ ասես կարող էր պատահել: Մեծ նկարիչ և արվեստի եզակի գործ: Նման ուրիշը չկա: Յուրաքանչյուրը, որ ցանկանում էր գնել Չիմաբուեի նկարը, պատրաստ էր ամեն ինչի: Ուստի մենք գիտեինք, որ մեր նախնական գինը՝ 6 մլն-ը, ավելանալու հեռանկար ունի, 10-12 մլն գումարի ժամանակ մենք արդեն երջանիկ էինք, իսկ աճուրդը ավելի քան 24 մլն-ով ավարտելու մասին երազել անգամ չէինք կարող»,- ասել է աճուրդի տան ղեկավար Դոմինիկ լը Կոենը:
Փորձագետները ենթադրում են, որ 20x26 սմ չափսի նկարը կարող է մեծ կոմպոզիցիայի մի մասը լինել, որը բաղկացած լինի Հիսուս Քրիստոսի խաչելության ճանապարհը պատկերող ութ նման աշխատանքներից:
Ֆլորենցիայում ծնված Չիմաբուեն, որ հայտնի է նաև Չեննի դի Պեպո, եղել է Միջնադարից Վերածննդի անցման շրջանի գլխավոր վարպետներից մեկը: Նա առաջիններից մեկն էր, որոնք սկսել են օգտագործել հեռանկարը և աշխատել են առավել բնական ոճով՝ խախտելով գեղանկարի միջնադարյան և բյուզանդական ավանդույթները: