Լիբանանի վարչապետը հայտարարեց իր հրաժարականը
Al-Mayadeen հեռուստակայանի եթերում Հարիրին հայտարարել է, որ իրավիճակը փակուղի է մտել, իր որոշումն արտահայտում է շատ լիբանանցիների կամքը:
«Իմ հրաժարականի հարցը նախագահի տրամադրության տակ է»,- ասել է վարչապետը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ից Լիբանանում զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում, ցուցարարները փակում են մայրաքաղաքի ճանապարհները և բարիկադներ կառուցում այն մայրուղիներում, որոնք կապում են երկրի հյուսիսային և հարավային շրջանները:
Ցույցերի մասնակիցները կոչ են անում արձակել կառավարությունն ու խորհրդարանը և արտահերթ ընտրություններ անցկացնել:
Նրանք պահանջում են հրաժարվել քաղաքականությունում կոնֆեսիոնալ քվոտաների համակարգից, քանի որ շատերը երկրի կառավարման անարդյունավետության պատճառը հենց դա են համարում:
Մի քանի համալսարաններ դադարեցրել են պարապմունքները, փակվել են բանկերը:
Ի պատասխան հակակառավարական հանրահավաքներին Հարիրին հոկտեմբերի 21-ին հայտարարեց մի քանի բարեփոխումներ, այդ թվում և նախարարների և պատգամավորների աշխատավարձերի նվազեցում 50 տոկոսով: Վարչապետը խոստացավ օրենք նշակել կոռուպցիայի դեմ պայքարի ազգային կոմիտե ստեղծելու մասին: Իշխանությունները խոստացան նաև լրացուցիչ 20 մլրդ լիբանանյան լիրա (ավելի քան 13 մլն ԱՄՆ դոլար) հատկացնել ամենաաղքատ ընտանիքների նպաստներին:
Չնայած այս հայտարարություններին՝ ցույցերը շարունակվեցին: Ըստ որոշ տվյալների՝ դրանց մասնակցում է երկրի ավելի քան 4 մլն մարդ կազմող բնակչության գրեթե կեսը: