Ջոնսոնը հաղթեց. բրեքսիտի ճակատագիրը կորոշեն բրիտանական խորհրդարանի արտահերթ ընտրությունները
Իսկ օրինագծի նախաձեռնողը երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնն է: Իր նպատակին հասնելու՝ Համայնքների պալատի կազմի նորացման միջոցով Եվրամիության կազմից դուրս գալու պայմանների շուրջ առաջացած վեճի պատճառով «կաթավածահար խորհրդարանին» վերջ դնելու չորրորդ փորձը հաջողությամբ պսակվեց:
Երբ վարչապետի կողմը բռնեցին «Լիբերալ դեմոկրատները» և Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (ՇԱԿ) իրենց դիրքերն ամրապնդելու նկատառումով, լեյբորիստները, որոնք երեք անգամ արդեն արգելակել էին Ջոնսոնին, նույնպես ստիպված եղան պաշտպանել նրա արտահերթ ընտրություններ անցկացնելու նախաձեռնությունը:
Բրիտանական կառավարությունը, որ հուլիսին իշխանության գալուց հետո տասներկու պարտություն է կրել խորհրդարանում, այժմ տոնում է այս եզակի հաղթանակը: Անցկացնելով արտահերթ ընտրություններ՝ վարչապետը, որի կուսակցությունն այժմ նույնիսկ աշխատանքային մեծամասնություն չունի Համայնքների պալատում, հույս ունի փակուղուց դուրս բերել բրեքսիտի հարցը: Ինչպես պնդում է Ջոնսոնը, խորհրդարանն իր ներկայիս կազմով պարզապես թույլ չի տա իրեն հաստատել հոկտեմբերի 17-ին ձեռք բերած գործարքը Բրյուսելի հետ և անընդհատ նոր հետաձգում կպահանջի:
Այսուհանդերձ, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, թեպետ Ջոնսոնի վարկանիշը բարձր է մնում, և հասարակական կարծիքի հարցումների արդյունքները վստահ հաղթանակ են կանխատեսում թորիին լեյբորիստների նկատմամբ, կառավարության ղեկավարն իրեն իր նախորդի՝ Թերեզա Մեյի ճակատագիրը կրկնելու վտանգի տակ է դնում, որը 2017 թ. արտահերթ ընտրությունների արդյունքներով սոսկ թուլացրեց իշխող կուսակցության դիրքերը, փոխանակ ամրապնդեր: