Հայերեն   English   Русский  

Հրայր Թովմասյանի հրաժարական տալ-չտալը Արսեն Բաբայանի քրեական գործի հետ կապ չունի. Սասուն Խաչատրյան


  
դիտումներ: 151

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրչողների հետ զրույցի ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասաց, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարական տալ-չտալը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի քրեական գործի հետ կապ չունի, Հատուկ քննչական ծառայությունը քաղաքականությամբ չի զբաղվում։

Դիտարկմանը՝ Արսեն Բաբայանի և Արա Բաբլոյանի պաշտպանները հայտարարում են, որ քաղաքական հետապնդում է իրականացվում, նա պատասխանեց․ «Ես մի քանի առիթով ասել եմ, որ ՀՔԾ-ն քաղաքական վերահսկողությունից դուրս է, ղեկավարվում է միայն օրենքով: Իսկ պաշտպանների հայտարարությունների դա իրենց գործն է՝ օրենքով չարգելված եղանակներով պաշտպանել իր վստահորդին, հիմա իրենք ընտրել են այդ ճանապարհը, ես չեմ կարող մեկնաբանել»։

Արսեն Բաբայանի նկատմամաբ ընտրված խափանման միջոցի եւ նրա տեսակցությունները արգելելու մասով ՀՔԾ պետն ասաց․ «Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում քննիչն է գնահատում, թե որ խափանման միջոցն է ի զորու ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, տվյալ դեպքում գործը քննող քննիչը եկել է այն եզրակացության, որ Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը կարող է ապահովել միայն կալանորման պայմաններում, հենց այդ նկատառումներով արգելանք է դրվել նրա տեսակցությունների վրա»։

Դիտարկմանը, որ մի դեպքում չի կիրառվում, մյուս դեպքում կիրառվում է, արդյոք երկակի ստանդարտների հետ գործ ունենք, նա ասաց․ «Ամեն գործ յուրահատուկ է , չի կարելի ասել, որ մի դեպքում կիրառվուկմ է, ուրեմն մյուս դեպքում էլ պետք է կիրառվի»։

Պարզաբանող հարցին՝ քաղաքական տեսանկյունից է յուրահատո՞ւկ, նա արձագանքեց․ «Ոչ իրավական տեսանկյունից»։

Դիտարկմանը, որ փաստորեն Նաիրի Հունանյանին թույլ տալիս են այցելել, իսկ Արսեն Բաբայանին՝ ոչ, Սասուն Խաչատրյանն արձագանքեց․ «Եկեք չնույնացնենք նախաքննության ընթացքում կալանավորված անձին պատիժը կրող դատապարտվածին, նրանց կարգավիճակները տարբեր են, խափանման միջոց կալանքը հենց ընտրվում է նրա համար, որ բացառվի նաեւ նրա ծփումը այլ անձնանց հետ»։

Հարցին՝ ուրեմն Արսեն Բաբայանը հանրության համար վտանգավոր հանցագործ է, նա նշեց․ «Դուք հարցեր եք տալիս, որոնք պատասխաններ չունեն, հանցանքի վտանգավորության աստիճանը որոշակի դեր խաղում է խափանման միջոց ընտրելու հարցում, բայց խափանման միջոց ընտրելու հարցում հիմքը մեղադրյալի պատշաճ վարքագիծը ապահովելն է»։

ՀՔԾ պետն ասաց, որ անչափահաս երեխաների հետ տեսակցությունն արգելելու մասին տեղեկատվություն չունի, «եթե այդպիսի թյուրիմացություն եղել է, իհարկե պետք է շտկվի»։

Իսկ հարցին՝ եթե արարքի վրա տարածվում է համաներումը, անձը կարող է ձերբակալվել, Խաչատրյանն ասաց․ «Համաներման դեպքում պետք է, որ անձը համաձայնություն տա, որ ոչ արդարացնող հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվի, տվյալ դեպքում Բաբայանը նման ցանկություն չի հայտնել»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: