Հայերեն   English   Русский  

Միշտ հեղափոխությունից հետո փրփուր է առաջանում, անարժան մարդիկ փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ. Վազգեն Մանուկյան


  
դիտումներ: 207

Աշխարհում նոր իրավիճակ է ստեղծվել, համընդհանուր գլոբալիզացիայի, ինտեգրացիայի պայմանները փոխվել են, բոլոր երկրներում գլուխ են բարձրացնում այն ուժերը, որոնք ազգային են, պետականամետ են, իսկ մեր հասարակությունն այսօր այնքան բզկտված է, որ ես նման բան չեմ տեսել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

«Երբ նայում ես, թե ինչ է կատարվում աշխարհում, և ինչ է կատարվում Հայաստանում, տեսնում ես, որ ինչ-որ բան չի համընկնում: Սկսվել են առևտրային պատերազմներ ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի միջև: Բոլոր այդ պետություններում վերադարձ է կատարվում իրենց ազգայինին: Տարածաշրջանում հսկայական փոփոխություններ են տեղի ունենում. Ռուսաստանի դերակատարությունը կտրուկ բարձրացել է տարածաշրջանում, նոր հարաբերություններ են ստեղծվել Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա-Իրան հարթությունում: Մենք հիմա մտնում ենք մի նոր փուլ: Թվում էր՝ մենք դրա վրա պետք է կառուցեինք մեր քաղաքականությունը, որովհետև առաջ են գալիս նոր մարտահրավերներ, նոր վտանգներ և նոր հնարավորություններ: Եվ բացի ամեն ինչից մենք այս տարածաշրջանում ունենք մի մեծ հարց. դա Արցախի հարցն է»:

Խոսելով Արցախի մասին՝ Մանուկյանը շեշտեց, որ Արցախի հարցը միայն արցախցիներինը չէ, դա նաև Հայաստանի անտանգության հարցն է:

«Այս պահին բանակցություններ չկան, իսկ դա վտանգավոր է: Ընդհանրապես բանակցությունները նպաստում են, որ պատերազմ չլինի և 20 տարի հաջողվեց ստատուս քվոն պահպանել բանակցությունների շնորհիվ: Հիմա ունենք մի փոքր շրջան, որ Ադրբեջանը որևէ բան չի սկսի, բայց հիշեք, որ եթե բանակցությունները վերջանում են, պատերազմի հավանականությունը մեծանում է»,-ասաց Մանուկյանը:

Այս խնդիրների հետ մեկտեղ Մանուկյանը նաև նկատեց, որ Հայաստանում լուծումներ գտնելու փոխարեն հասարակությունը ավելի է բզկտվում:

«Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում: Ես երբեք մեր հասարակությունն այսքան բզկտված չէի տեսել: Իրար նկատմամբ թույնով լցված, իրար նկատմամբ մատնություններ անել, արժեքավոր մարդկանց նկատմամբ սխալ քայլեր անել: Օրինակ, Արա Բաբլոյանի դեմ այդ գործը, որ հարուցել են, ուղղակի զարմանք է առաջացնում: Հայաստանի լավագույն բժիշկներից մեկը, որով մենք հպարտանում ենք աշխարհում, մեկ էլ ինչ-որ ստորակետ սխալ կամ ճիշտ է դրել, դրա պատճառով նրա դեմ քրգործ են բացում: Հանում են Ղարաբաղի պաշտպանության նախարարին, որն իրենց կարծիքով մի նախադասություն ճիշտ չի ասել, որ լավագույն նախարարներից էր Արցախում: Անարժեք մարդիկ հետապնդում են այս պետության համար արժեքավոր, մեծ ջանքերով մեծ արդյունքների հասած մարդկանց»,-նշեց Վազգեն Մանուկյանը:

Մանուկյանը նաև հավելեց, որ հոկտեմբերի 27-ի գործով քաղաքական գործ են բացում այսօր, բայց դա խայտառակություն է, քանի որ անարժան մարդկանց ձեռքով է արվում այդ ամենը:

Նա նաև նշեց, որ այս պայմաններում Հայաստանը պետք է լիներ կոնսոլիդացված. «Ոչ թե պետք է գնալ դրսում հայտարարել, թե հեղափոխություն ենք արել, ժողովրդավար ենք: Աշխարհում արդեն ժողովրդավարությունն այն արժեքը չունի, դա արժեք ունի մեր երկրի ներսում: Իհարկե, կարելի է իրավիճակը լավացնել, բայց դա իշխանությունից պահանջում է կտրուկ փոխել իրենց վարած քաղաքականությունը, ազատվել հեղափոխական փրփուրից: Միշտ հեղափոխությունից հետո փրփուր է առաջանում, անարժան մարդիկ փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ: Կկարողանա՞ իշխանությունը դա անել, ես չգիտեմ»,-ընդգծեց Հանրային խորհրդի նախագահը՝ հավելելով, որ դա կախված է նաև հասարակությունից, թե նա իր և իշխանության առջև ինչ խնդիրներ է դնում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: