Հայերեն   English   Русский  

Սենատում շատ ավելի բարդ է լինելու, բայց հնարավոր է․ թուրքագետը՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման հետագա ընթացքի մասին


  
դիտումներ: 1742

Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ակտիվացնելու տեսանկյունից ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևը, որն ընդունվեց երեկ, շատ կարևոր է, կարծում է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը։

Հաշվի առնելով թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկա փուլը՝ Պետրոսյանը կարծում է, որ մեծ է հավանականությունը, որ առաջիկայում նաև Սենատը նմանաբովանդակ բանաձև կընդունի։ «Սենատում շատ ավելի բարդ է լինելու, բայց հնարավոր է»,- ասում է Պետրոսյանը՝ հավելելով, որ շատ բան կախված է լինելու նրանից, թե ինչպես կարձագանքի Թուրքիան այս բանաձևի ընդունմանը և ինչ քայլեր կձեռնարկի։

Պետրոսյանը Ներկայացուցիչների պալատի բանաձևը կարևորում է նաև հերթական անգամ Հայոց ցեղասպանության թեմայի բարձրաձայնման տեսանկյունից՝ թե ԱՄՆ-ում, թե աշխարհում։

«Սա մի քայլ է, որի վրա կարելի է հենվել հետագայում՝ շարունակելու ընդհանուր քաղաքականությունն այս հարցում»,- ասում է նա և հավելում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջ մղելու գործում այժմ կարող ենք հղում կատարել նաևԱՄՆ ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևին։ «Դա արտաքին քաղաքականության, քարոզչության տեսանկյունից բավականին կարոր քայլ է»,- ասում է Պետրոսյանը։

Թուրքագետը կարծում է, որ բանաձևի ընդունման գործում դերակատարություն է ունեցել թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության հանգամանքը։ Նա շեշտում, է որ նախկինում մեկ անգամ չէ, որ նման բանաձևերն արգելափակվել են՝ մինչև քվեարկության չհասնելով։ «Բայց այս պարագայում ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները սրված են, և ամերիկյան կողմն ավելի անկաշկանդ է գործում,- ասում է նա։- Ներկայացուցիչների պալատի անդամներն էլ չէին թաքցնում, որ ներկայում Թուրքիայի գործողությունները Սիրիայում ստիպում են, որ նման բանաձև ընդունվի»։

Պետրոսյանն ասում է, որ բարոյականության տեսանկյունից ցավալի է, որ մեր ազգի մեծ ողբերգությունը եղել է և մնում է քաղաքական ճնշման գործիք։ Մինչդեռ պրագմատիկ քաղաքականության մեջ դա նորմալ է և պետք է կարողանալ օգտվել իրավիճակից։

Հարցին, թե կարող է արդյոք բանաձևը նպաստել թուրքական ժխտողականության սրմանը, Պետրոսյանը պատասխանում է․ «Թուրքական ժխտողականությունն ինստիտուցիոնալ հիմքերի վրա է և պատրաստ է նաև նման զարգացումների։ Ասել, թե դա իրավիճակը լրջորեն փոփոխելու է, ոչ։ Բայց այս պահին, քանի դեռ թարմ ու թեժ է ամեն ինչ, Թուրքիան առավել ժխտողական կեցվածք է դրսևորելու։ Բայց ժամանակի ընթացքում կարծում եմ, որ իրավիճակը կհանդարտանա»։

Հիշեցնենք՝ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկեց 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։

Բանաձևով հաստատում են, որ Ներկայացուցիչների պալատի կարծիքով Միացյալ Նահանգների քաղաքականությունն է՝

1) ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը` այն պաշտոնապես ճանաչելու և հիշատակելու միջոցով,

2) մերժել Միացյալ Նահանգների կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման մեջ ներգրավելու, ներառելու կամ որևէ այլ կերպ առնչելու փորձերը,

3) խրախուսել Հայոց ցեղասպանության փաստերի՝ ներառյալ մարդասիրական օգնության գործում Միացյալ Նահանգների դերի և մարդկության դեմ ներկայումս իրականացվող հանցագործությունների ու Հայոց ցեղասպանության միջև առնչությունների վերաբերյալ կրթությունը և հանրային իրազեկվածությունը:

Այս թեմայով կարդացեք նաև՝

Բանաձևն ընդունվեց շնորհիվ թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների, բայց այն Թուրքիային պատժելու միջոց չէ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: