Հայերեն   English   Русский  

​Շվեդիայում #MeТoo շարժման հուշարձան են կանգնեցրել


  
դիտումներ: 907

Շվեդիայի հյուսիսային Ումեո քաղաքի կենտրոնում՝ քաղաքապետարանի հարևանությամբ, կանգնեցվել է #MeТoo ֆեմինիստական շարժման հուշարձան, որը հետևի թաթերին նստած և երախը բացած մուգ կարմիր կատվառյուծի քանդակ է:

Հեղինակը՝ քանդակագործ Կամիլլա Ակրական, մրցույթով է շահել հուշարձանի պատրաստման իրավունքը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Կատվառյուծը խորհրդանշում Է ընդվզումը սեռական ոտնձգությունների դեմ: «Երբ ուզում ես ձայն հանել, որը պետք է լսեն, այն պետք է արձակվի մատներիդ ծայրից: Սա է գաղտնիքը»,- ասել է քանդակի հեղինակը:

Ումեոյի քաղաքապետարանի աշխատակցուհի Մուա Քրեստեսենի խոսքով՝ Շվեդիայում դա առաջին քանդակն Է նվիրված #MeТoo-ին, որի համար քաղաքապետարանը 500 հազար կրոն (55,3 հազար դոլար) է ծախսել: Մուգ կարմիր կատվառյուծի պաշտոնական բացումը տեղի կունենա առաջիկա շաբաթ օրը:

#MeТoo համաշխարհային շարժումն սկսվել Է դերասանուհի Ալիսա Միլանոյի թվիթերյան գրառումից, որը հրապարակվել Է 2017 թվականի հոկտեմբերին: Նա բոլորին, ովքեր երբևիցե ենթարկվել են սեռական ոտնձգությունների, կոչ Է արել իր գրառմանը պատասխանել «Ես նույնպես» (Me too) բառերով: Միլիոնավոր մարդիկ են օգտագործել այդ հեշթեգը:

Միլանոյի գրառումը կապված էր հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի աղմուկ հանած պատմության հետ: Գրեթե 90 կին մեղադրեց նրան սեռական ոտնձգության մեջ, իսկ նրանց մի մասը նույնիսկ բռնաբարության փորձի մասին վկայեց:

Իսկ առաջին անգամ Me Too դարձվածքն օգտագործել է հասարակական գործիչ Տարանա Բյորքը 2006 թ. սեռական բռնության ենթարկված սևամորթ կանանց շրջանում անցկացված քարոզարշավի շրջանակներում: Նա վավերագրական ֆիլմ է նկարահանել՝ Me Too, որում պատմել է, որ մի անգամ այդպես է պատասխանել պատանի աղջկան, որը սեռական բռնության զոհ էր: Բյորքը զղջացել է, որ ուրիշ բառեր չի գտել, բացի «ես նույնպես» խոստովանությունից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: