Շիրակում ձմեռ է եկել
Թեև վաղ առավոտից ճանապարհները սպասարկող կազմակերպությունները սկսել են ձյան մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքները, բայց ճանապարներին դեռ ձյան շերտ կա։
Մարզում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան, վստահեցնում են Շիրակի մարզպետարանից:
Ձմեռը անսպասելի է եկել, քանի որ Շիրակի մարզում ջերմաստիճանը բավականին բարձր էր, թեև ազգաբնակչությունը իրազեկված է եղել տեղումների մասին:
- Ձյունը դադարել է, ճանապարհները բաց են, ոչ մի ահազանգ չեմ ստացել ոչ մի բնակավայրից, - ankakh.com-ի հետ զրույցում նշեց Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը:
Ձյան շերտի հաստությունը տարածաշրջանի ավելի հյուսիսային բնակավայրերում հասել է 10 սմ-ի: Համայնքի ղեկավարը նշեց՝ արտառոց չէ այս իրավիճակը, բնակիչները սովոր են. «Մենք տարի ենք ունեցել, որ հոկտեմբերի կեսից է ձյուն էկել: Դա անսպասելի բան չէր»: