Դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. ահազանգ է ստացվել, որ ժամը 14։38-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 խումբը դեպքի վայր գնալիս լուսային փարոսիկները միացրած՝ «Առինջ մոլ»-ի մոտ ճանապարհ է խնդրել Mazda մակնիշի 12 NN 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից, հարձակվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող փրկարարների վրա եւ ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց վրա։ Վարորդն ատրճանակով սպառնացել է, որ «սաղին կսպանի»։
Կոտայքի բաժնի ոստիկանները պարզել են, որ նշված ավտոմեքենան պատկանում է Երեւանի բնակչուհի Ն. Ք-ին, եւ մինչ ոստիկանները կհայտնաբերեին ավտոմեքենան, ժամեր անց ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայանում 35-ամյա Արթուր Ավագյանը եւ հայտնում, որ Mazda մակնիշի ավտոմեքենան վարել է ինքը եւ այդ միջադեպի ժամանակ իր մոտ եղել է «Բրունի 84» տիպի ատրճանակ, սակայն ինքը որեւէ մեկի վրա այն չի ուղղել եւ ոչ մեկի չի սպառնացել։
Արթուր Ավագյանն աշխատում է ՀՀ վարչական դատարանում՝ որպես դատավոր:
Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը մանրամասներ է հայտնել տեղի ունեցած միջադեպից։
Նա, մասնավորապես, նշել է. «Մեր հրշեջները 4 մեքենայով եկել են կանչի: Մեքենա է եղել դիմացից գնացող, իրենք միացրել են ազդանշանային համակարգը, որ ճանապարհ տա: Ճանապարհ չեն տվել, ճանապարհը փակել է, վերջում էլ զենք է պահել վրաները: Ես չգիտեի, թե ով էր, դատավոր էր, թե ինչ էր: Երբ տվեցի մեքենայի համարը, մեր ճգնաժամային կենտրոն ներկայացրին տեղեկությունը, ես անմիջապես ասացի՝ տվեք ոստիկանություն, եւ ոստիկանությունը զբաղվում է դրանով»: