Հայերեն   English   Русский  

«Փոխանակ շնորհակալություն հայտնեն, դեռ մի բան էլ փնովում են» ՀԽ անդամ


  
դիտումներ: 450

«Նրանք, ովքեր այդպիսի կարծիք են հայտնում, տեղյակ չեն խորհրդի գործունեության մասին, դրա համար էլ նման անպատասխանատու հայտարարություններ են անում»,-Ankakh.com-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ մեկնաբանելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ «Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է» արտահայտությունը:

Վազգեն Սաֆարյանի ղեկավարած հանձնաժողովը, որը Հանրային խորհրդի ամենաակտիվ հանձնաժողովներից է, և՛ նախորդ, և՛ նոր իշխանությունների օրոք ակտիվ գործունեություն է ծավալել՝ բարձրացնելով բազմաթիվ հարցեր, որոնց մի զգալի մասն էլ ստացել է լուծումներ:

«Ես ուզում եմ խոսել կոնկրետ մեր հանձնաժողովի մասին, որն ունի 17 ոլորտային ենթահանձնաժողով, որոնք առնչվում են ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերին: Մեզ մոտ ամեն օր մարդիկ են գալիս իրենց հարցադրումներով և նույնիսկ այնպիսի հարցեր են բարձրացնում, որ ՀԽ գործառույթներից դուրս են»,-ասում է Սաֆարյանը՝ նշելով, որ եթե կառույցն անիմաստ լիներ, մարդիկ իրենց չէին դիմի:

Որպես արդյունավետ աշխատանքի վկայություն՝ Վազգեն Սաֆարյանը կրկին իր ղեկավարած հանձնաժողովից է օրինակներ բերում.

«2011 թ., երբ ՀՀ կառավարությունն ընդունեց ՀՀ Արդյունաբերության զարգացման հայեցակարգը, որի արդյունքում ստեղծվեց արդյունաբերության զարգացման հիմանդրամը, 3 տոկոսով սուբսիդավորվեցին արտահանմանն ուղղված արդյունաբերական վարկերը և այլն, դա նաև մեր շնորհիվ էր»:

Մետրոյի զարգացման հարցը նույնպես ՀԽ ֆինանսատնտեսական հարցերի հանձնաժողովը տարիներ շարունակ քննարկել և կառավարությանն է ներկայացրել առաջարկներ: Ի դեպ, մետրոյի հարցը Հանրային խորհդրում քննարկվում էր դեռևս այն ժամանակ, երբ թվում էր, թե նույնիսկ հարց բարձրացնելն է անիմաստ:

«Եվ մեզ ի վերջո հաջողվեց մետրոյի զարգացման, նոր կայարանի կառուցման հարցը սառեցված վիճակից հանել, հանրային կարծիք ձևավորել այդ հարցի շուրջ, և ահա հարցը տեղ գտավ ներկա կառավարության և քաղաքապետի նախընտրական ծրագրում, այժմ արդեն կատարված են նախագծային աշխատանքներ, և շատ հնարավոր է, որ եկող տարվա սկզբից սկսվի շինարարությունը»:

Սաֆարյանը հիշեցնում է նաև քաղավիացիայի ոլորտի խնդիրները, որոնք տարիներ շարունակ բարձրացվել են ՀԽ ֆինանսատնետսական-բյուջետային հանձնաժողովում գործող ավիացիոն հարցերի ենթահանձնաժողովում, որտեղ ներգրավված էին հին և փորձառու ավիատորներ՝ վաստակավոր ավիատոր Դմիտրի Աթբաշյանի գլխավորությամբ:

«Մեր բազմաթիվ քննարկումների, տարբեր վարչապետների հետ ունեցած հանդիպումների, մեր կողմից ներկայացված առաջարկների արդյունքում ի վերջո ընդունվեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգային ծրագիրը, և մեր այն պնդումները, որ պետք է ունենալ սեփական ավիափոխադրող, տեղ են գտել հայեցակարգում: Այդ հայեցակարգի նախագծի քննարկումների փուլում և՛ մեր հանձնաժողովը, և՛ ՀԽ այլ հանձնաժողով (Տրանսպորտի, կապի և ՏՏ հարցերի) կառավարություն են ներկայացրել դիտողություններ ու առաջարկություններ: Ի դեպ,վարչապետի խորհրդական, ավիատոր Հակոբ Ճաղարյանը դեռևս այն տարիներին մեր ենթահանձնաժողովի հետ ակտիվ համագործակցել է»:

Վազգեն Սաֆարյանը ևս մեկ հաջողված օրինակ է բերում՝ Զվարթնոց օդանավակայանի հին (կլոր) մասնաշենքի հարցը, որը Հանրային խորհուրդը բազմիցս է քննարկել և դեմ արտահայտվել շենքի քանդմանը, իսկ հետո, երբ հարցն արդեն ՀՀ կառավարության օրակարգում էր, վերջին պահին Սաֆարյանին հաջողվել է շենքի քանդման որոշման նախագիծը հանել տալ ՀՀ կառավարության նիստի օրակարգից:

«Այստեղ պետք է հիշեմ նաև «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի հարցը, որի քանդումը նույնպես կասեցվեց ՀԽ ջանքերի միջոցով, կամ կառավարության 3-րդ մասնաշենքը նախատեսված էր հյուրանոց դարձնել, մեր քննարկումների արդյունքում որոշումը փոխվեց, և այսօր խոսվում է այն թանգարան դարձնելու մասին»:

Ըստ Սաֆարյանի՝ այսօր էլ իրենց հանձնաժողովն ակտիվ աշխատում, քննարկումներ է կազմակերպում ամենատարբեր հարցերի վերաբերյալ և առաջարկներ ներկայացնում համապատասխան կառույցներին:

«Հենց վերջերս քննարկել ենք մոռացության տրված՝ Երևանի 30-ից ավելի անավարտ շինարարական օբյեկտների հարցը (Երիտասարդական պալատ, Սևան հյուրանոց և այլն): Քննարկմանը մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, որոնց առջև խնդիր է դրվել այս իրավիճակը հանգուցալուծելու համար մշակել ճանապարհային քարտեզ»:

ՀԽ անդամն ասում է՝ օրինակները շատ են, և ժամանակը չի հերիքի հերթով թվարկելու այն հսկայածավալ աշխատանքը, որ կատարվել է այս տասը տարիների գործունեության ընթացքում:

«Ազգային ժողովի փոխնախագահը երևի տեղյակ չի, բայց մեր հանձնաժողովի մասնագետները համագործակցում են նաև ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի հետ: Օրինակ, վերջերս ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահին ենք ներկայացրել մեր մտահոգություններն ու առաջարկությունները անշարժգույքիկադաստրայինգնահատմանկարգըսահմանող օրենքի նախագծի վերաբերյալ՝ մինչ այդ կազմակերպելով նիստ և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկելով վիճահարույց օրինագիծը»:

Վազգեն Սաֆարյանի խոսքով՝ ԱԺ փոխնախագահի արտահայտությունը վիրավորական է առաջին հերթին ՀԽ հանձնաժողովներում ընդգրկված այն հարյուրավոր փորձագետների համար, որոնք հասարակական հիմունքներով, առանց որևէ ակնկալիքի իրենց մասնագիտական գիտելիքներն ու փորձը ծառայեցնում են հանրային հնչեղություն ունեցող հարցերի լուծմանը, և փոխանակ այդ մարդկանց շնորհակալություն հայտնեն, դեռ մի բան էլ փնովում են և նրանց աշխատանքը համարում անիմաստ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: