Տնտեսական բարեփոխումների արդյունքում Հայաստանը հայտնվել է եկամտաբերության ձգտող ներդրողների տեսադաշտում. Reuters
Անցյալ տարի տեղի ունեցած բողոքի խաղաղ ակցիաներից հետո, որոնց արդյունքում ձևավորվեց բարեփոխումների միտված կառավարություն, Հայաստանի տնտեսությունը սկսել է աճել ավելի արագ, քան նավթով հարուստ հարևան Ադրբեջանը՝ բարձրացնելով ներդրողների պատրաստակամությունը փոխառություն տրամադրել դեպի ծով ելք չունեցող երեք միլիոնանոց ժողովրդին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ընդունել է բարեփոխումների մի ծրագիր, որի նպատակն է հզորացնել Հայաստանի ինստիտուտները և օրենքի գերակայությունը, բարելավել գործարար միջավայրը և խստացնել կոռուպցիայի դեմ պայքարը:
Ծրագիրը նախատեսում է առաջիկա չորս տարում ներդրումների տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ հասցնել 23-25 տոկոսի՝ ներկայիս շուրջ 20 տոկոսի փոխարեն, և արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը 37 տոկոսից հասցնել 43-45 տոկոսի:
«2018 թվականի հեղափոխությունից հետո հույսեր են առաջացել, որ նոր կառավարությունը վճռականորեն առաջ կշարժվի կառուցվածքային բարեփոխումներով և, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարով», - «Reuters» գործակալությանը հայտնեց Barclays-ում զարգացող Եվրոպայի մասով տնտեսագետ Լիզա Երմոլենկոն:
«Մինչ այժմ կառավարությունը շարժվում է ճիշտ ուղղությամբ՝ ամրապնդելով այդ հույսերը, որի ապացույցն է տարվա սկզբին ընդունված կառավարության ծրագիրը:»
Սեպտեմբերին Հայաստանը երրորդ անգամ մուտք գործեց միջազգային կապիտալի շուկա՝ տեղաբաշխելով 500 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր, որի դիմաց պահանջարկը կազմեց ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլար: Միաժամանակ Հայաստանը հետ գնեց 2013 թվականին թողարկած իր առաջին եվրապարտատոմսերի մեծ մասը, որոնք ենթակա են մարման 2020 թվականի սեպտեմբերին:
Հայաստանի Հանրապետության 2025 թվականին մարվող եվրապարտատոմսերի եկամտաբերությունը կազմում է 3.9 տոկոս, ինչը փոքր-ինչ բարձր է Ադրբեջանի և Ուզբեկստանի 2024 թվականին մարվող պարտատոմսերի համապատասխան ցուցանիշներից՝ համապատասխանաբար 3.3 և 3.5 տոկոս: JPMorgan-ի զարգացող շուկաների պարտատոմսերի ինդեքսում Հայաստանի եվրապարտատոմսերի գինը տարեսկզբից աճել է մոտ 14 տոկոսով` Վրաստանի եվրապարտատոմսերի գնի 9,4 տոկոս աճի համեմատ:
«Հայկական պարտատոմսերն այս տարի գերազանցեցին տարածաշրջանի նմանօրինակ պարտատոմսերից շատերին, ինչը նշանակում է, որ ներդրողները ակնհայտորեն վստահում են շարունակական բարեփոխումներին», - «Reuters» գործակալությանը ասել է «ՎՏԲ Կապիտալ»-ի ֆիքսված եկամտի ստրատեգ Իգոր Ռապոխինը:
Հաշվի առնելով զարգացած աշխարհի մեծ մասում գրանցված ռեկորդային ցածր եկամտաբերությունը՝ գումար ներդնելու համար շատ ներդրողներ փորձեցին գտնել ավելի ռիսկային զարգացող շուկաներ: Ի տարբերություն բազմաթիվ խոշոր զարգացող շուկաների, ինչպիսիք են Թուրքիան կամ Հարավային Աֆրիկան, որոնք գտնվում են որոշակի անկայուն վիճակում, ֆոնդերի կառավարիչների ուշադրությունը գրավում են բարեփոխումներ իրականացնող փոքր երկրները:
ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ
2019 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը կազմել է 6,5 տոկոս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս շաբաթ Կենտրոնական բանկը ընթացիկ տարվա ՀՆԱ-ի աճի իր կանխատեսումը 4.9 տոկոսից բարձրացրել է մինչև 6,9-7,1 տոկոս՝ պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ոլորտների դրական միտումներով:
Հայաստանը Խորհրդային Միության փլուզումից ի վեր մեծապես հենվել է հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների վրա, սակայն նախորդ տարվա 5,2 տոկոս աճին նպաստող հիմնական ոլորտները եղել են զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և թեթև արդյունաբերությունը, օրինակ՝ տեքստիլ արդյունաբերությունը, լ:
Երկիրը դեռևս մեծապես կախված է կայսերական ավանդույթները դեռևս պահպանող Ռուսաստանի աջակցությունից և ներդրումներից, որի տնտեսական անկումը վերջին տարիներին բացասաբար է ազդել Հայստանի արտահանման, ինչպես նաև Ռուսաստանում աշխատող հայերի կողմից կատարվող դրամական փոխանցումների վրա, սակայն պաշտոնյաներն ասում են, որ դրամական փոխանցումների հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ աստիճանաբար նվազում է:
Ինչպես նախորդ ամիս «Ռոյթերս»-ին ասել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, երկու ամսից ուժի մեջ մտնող հարկային բարեփոխումները հետագա խթան կհանդիսանան տնտեսության համար:
Հաջորդ տարի Հայաստանը շահութահարկը 20 տոկոսից կնվազեցնի մինչև 18 տոկոս, կներդնի համահարթ եկամտհարկ 23 տոկոսի չափով և կավելացնի ծխախոտի և ալկոհոլի տուրքերը: Տարեկան 50,000 դոլարից պակաս շրջանառություն ունեցող մասնավոր ձեռնարկությունները կունենան զրոյական հարկեր:
«Moody's» համաշխարհային վարկանշավորող գործակալությունը օգոստոսին բարձրացրեց Հայաստանի սուվերեն վարկանիշը B1-ից Ba3՝ նշելով, որ կարևոր է պահպանել բարեփոխումների տեմպը:
Պաշտոնյաների և փորձագետների կարծիքով՝ ակնկալվում է, որ 2020 թվականին տնտեսական աճը կդանդաղի, քանի որ Հայաստանին պետք են ավելի շատ կառուցվածքային բարեփոխումներ՝ ավելի մրցունակ դառնալու համար:
«Տնտեսական աճն ունի տատանողականություն և հիմնվում է նեղ բազայի վրա՝ արտացոլելով դանդաղ անցումը դեպի մրցունակ մասնավոր հատվածի կողմից առաջ մղվող տնտեսություն», - «Reuters» գործակալությանն ասել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովան:
«Կանխատեսվում է, որ առաջիկա տարիներին տնտեսական աճը կկայունանա ՝ մոտ 4,5-5 տոկոսի սահմաններում, - ասել է նա՝ հավելելով, - Աճի ներուժի բարձրացումը պահանջում է կառուցվածքային բարեփոխումներ»: