Հայերեն   English   Русский  

​Բոլիվիայի ժամանակավոր նախագահի լիազորությունները ստանձնել է սենատոր Ժաննին Անյեսը


  
դիտումներ: 199

Սենատոր, դեմոկրատ Ժաննին Անյեսը երեկ երեկոյան (լույս չորեքշաբթի գիշերը) ընդունել է Բոլիվիայի ժամանակավոր ղեկավարի լիազորությունները: Այս մասին հաղորդում է Inerfax-ը՝ հղում անելով Բոլիվիայի Tiempos թերթի կայքէջին:

«Նախագահ Էվո Մորալեսի, փոխնախագահ Ալվարո Գարսիայի, Սենատի (խորհրդարանի վերին պալատ) նախագահ Ադրիանա Սալվատյերրայի և պատգամավորների պալատի (խորհրդարանի ստորին պալատի) նախագահ Վիկտոր Բորդայի հրաժարականներից հետո Անյեսը, համաձայն Բոլիվիայի սահմանադրության, դարձավ առաջինը նրանց շարքում, ովքեր կարող են վերցնել պետության կառավարման մանդատը»,- գրում է թերթը:

Անյեսը զբաղեցնում էր Սենատի երկրորդ փոխնախագահի պաշտոնը:

«Ես անհապաղ ստանձնում եմ պետության նախագահի լիազորությունները»,- հայտարարել է նա Բոլիվիայի խորհրդարանի ամբիոնից:

Բոլիվիայի հեռուստատեսությունը, ընդ որում, նշել է, որ դահլիճում Էվո Մորալեսի կողմնակից պատգամավորներ չեն եղել, այն դեպքում, երբ նրանք կազմում են պատգամավորների երկու երրորդը և առանց նրանց ներկայության հնարավոր չէր ապահովել անհրաժեշտ քվորումը Էվո Մորալեսի հրաժարականի իրավական ձևակերպման համար:

Այժմ Այնեսի պարտականությունն է արտահերթ նախագահական և համընդհանուր ընտրությունների հայտարարումը և իշխանության ժամանակավոր մարմինների ձևավորումը:

Հիշեցնենք, որ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, ապա և երկրի ողջ բարձրաստիճան ղեկավարությունը հրաժարական տվեցին կիրակի օրը՝ 19-օրյա քաղաքական ճգնաժամից հետո, որը սկսվել էր երկրում հոկտեմբերի 20-ի նախագահական ընտրություններից հետո, որոնց առնչությամբ արձանագրվել և հաստատվել են նենգափոխումների փաստեր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: