«Որևէ մեկին չեմ ճնշելու». Գեղամ Գևորգյանը պարզաբանում է ներկայացրել դասախոսների գործադուլի վերաբերյալ
Այս իրավիճակի մասին պարզաբանում է տվել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Գեղամ Գեւորգյանը: Վերջինիս խոսքով, ինքը դասադուլի առաջին իսկ օրը հանդիպել է ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների դեկանների, պրոֆեսորադասախոսական կազմի և ակտիվիստ ուսանողների հետ, քննարկել ստեղծված իրավիճակը։
Գ․Գևորգյանը նշեց, որ երեկ՝ նոյեմբերի 12-ին, կրկին եղել է Հայ բանասիրության ֆակուլտետում ու տեղեկացել, որ դասախոսները որոշել են գործադուլ կազմակերպել, ապա խնդրել է նրանց չասել, որ միանում են ուսանողներին, քանի որ դա հարիր չէ ԵՊՀ դասախոսներին, այլ հստակ ձեւակերպել իրենց պահանջները։
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ գործադուլն ունի համապատասխան ընթացակարգ․ «Գործադուլ հայտարարելու համար պետք է դիմել արհմիությանը, արհմիությունը պետք է հայտարարի գործադուլ, պետք է ներկայացնի վեճի առարկան, իսկ վեճի առարկան չի կարող լինել համալսարանից դուրս։ Եթե վեճի առարկան գործատուի հետ կապված չէ, արդեն գործադուլ չէ, այն ուղղակի բողոքի ցույց է: Դասական իմաստով սա դասադուլ չէ, սա ուղղակի դասի չգալ է։ Սա գործադուլ չէ, սա գործի չգալ է»։
Գ․ Գևորգյանը նշեց, որ գործադուլ հայտարարած պրոֆեսորադասախոսական կազմին տեղեկացրել է, որ սա օրենքի սահմաններում կարող է ունենալ իր հետևանքները, ինչը կարելի է չկիրառել, եթե ժամանակին հետ կանգնեն։
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց, որ իրականում ժամաքանակ ունենալու պայքար է ընթանում, եւ հավելեց, որ ինքը ցանկանում է՝ մասնագետներն անկեղծ լինեն՝ ասելով, թե ինչի համար են պայքարում։
Խոսելով իր սեփական դիրքորոշման մասին՝ պարոն Գ․ Գեւորգյանն ասաց, որ շատերը սպասում են, թե երբ է ինքը ցուցարարներին ճնշելու․ «Չեմ ճնշելու։ Չսպասեք։ Որեւէ մեկին չեմ ճնշելու»։
Այն հարցին, թե կողմ է արդյոք ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն այս նախագծին, վերջինս պատասխանեց՝ այո, ինքը կողմ է ազատ ընտրության հնարավորությանը։
Գեղամ Գևորգյանը խոսեց նաև այն մասին, որ որոշ ֆակուլտետներում «Հայ ժողովրդի պատմություն» կամ «Հայոց լեզու» առարկաների ժամերը պատշաճ դասավանդվելու դեպքում տվյալ մասնագիտացման համար միգուցե ավելանան։ Նա առաջարկեց, որ բոլոր բուհ ընդունվողները պարտադիր ընդունելության քննություն հանձնեն «Հայոց լեզու» առարկայից, ինչպես եղել է Խորհրդային Միության տարիներին: