Հայերեն   English   Русский  

Այդ խոսելաոճը պետք է ամբողջովին մերժելի լինի բոլոր այն անձանց համար, որոնք չգիտեմ երբ և ինչպես սովորել են գրել և կարդալ․Լարիսա Ալավերդյան


«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովի ելույթը


  
դիտումներ: 400

Կցանկանայի խոսել այն հայհոյախառն, ուղղակի հայհոյանքով լի խոսքի մասին, որն այսօր դարձել է միակը, որով կարելի է արտահայտել սերը կամ երկրպագությունը առ իշխանություններ:

Այս պարագայում ես կարծում եմ՝ իմ խոսքը պետք է հնչի որպես առաջարկություն:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:

«Ես առաջարկում եմ բոլոր այստեղ նստածներին, եթե սկսել եք այս գործը վաղուց՝ դա լավ է, եթե ոչ, ապա այսօր ևեթ բոլոր այն գործիքակազմը, որը դուք ունեք ձեր շտեմարաններում, օգտագործեք ամբողջովին վերցնելու համար հայաստանյան, մինչև անգամ արտասահմանյան հայության բառապաշարի վերջը դնելու միանգամից և ընդմիշտ, մեսրոպատառ հայոց լեզուն օգտագործելը հայհոյանքի համար, եթե ոչ քրեականացնել, ապա պարտադիր ձևով օրենսդրորեն ինչ-որ միջոցառումներ ձեռնարկել: Այստեղ նստած են բավականին շատ կարող ուժեր, ես վստահ եմ դա կարող է տեղի ունենալ»: Ըստ Ալավերդյանի՝ այսօր ձևավորված ժառգոնային, քրեական ենթամշակույթին պետք է վերջ դնել: «Այդ խոսելաոճը պետք է ամբողջովին մերժելի լինի բոլոր այն անձանց համար, որոնք չգիտեմ երբ և ինչպես սովորել են գրել և կարդալ»:

Անդրադառնալով Արցախի հարցին՝ Ալավերդյանն ասաց. «Ասում են Արցախի հարց: Չկա Ղարաբաղի հարց, կա Արցախի պատասխան, և համայն հայության խնդիրը նախ և առաջ պետք է լինի ներկայացնել աշխարհին իրական, իրավաչափ և օրինականությանը համապատասխան ադրբեջանաարցախյան հակամարտության պատկերը: Այլ խոսքերով նկարագրել, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, ընդունելի չէ ես կարծում եմ բոլոր փորձագետների համար, որոնք տարբեր հարցերում տարբեր մոտեցումներ ու տեսակետներ ունեն, բայց այս հարցում մենք միակարծիք ենք: Հիշեցնեմ, որ վարչապետը դեռ անցած տարի խոստացել էր ժողովրդին, որ 2019 թվականը պետք է դառնա Արցախի հիմնահարցի իրական պատկերացումը աշխարհով մեկ ձևավորելու տարի, քանի որ այդ պատկերցումներն ու ընկալումները սխալ են ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում: Որևէ խնդիր, կոնսենսուս ժողովրդի մեջ փնտրելու կարիք չկա այս հարցի շուրջ, ժողովուրդն արտահայտել է իր մոտեցումը այս բոլոր տարիների ընթացքում՝ 1988-ից սկսած մինչ այսօր: Պետք է հստակեցնել, որ եթե այսօր որևէ քաղաքական ուժ, եթե խոսում է Արցախի հիմնահարցի մասին, ապա պետք է Հայասատանի խնդիրը տեսնի Արցախի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունը պահպաննելն ու պաշտպանելը՝ որպես հայության անվտանգության պահպանման միակ երաշխիքը»,-հավելեց Ալավերդյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: