Հայերեն   English   Русский  

​Հոնկոնգում ցուցարարների մեծ մասը հեռացել է պոլիտեխնիկական համալսարանի շենքից


  
դիտումներ: 222

Ավելի քան 600 ցուցարար ուսանողներ վերջին օրվա ընթացքում հեռացել են գրավված Հոնկոնգի պոլիտեխնիկական համալսարանի տարածքից: Այժմ այնտեղ մնացել է անկարգությունների մասնակից 100 արմատական:

Այդ մասին այսօր հայտարարել է տեղի վարչակազմի ղեկավար Քերրի Լամը, որը կոչ է արել նրանց հնարավորինս արագ վայր դնել զենքը և հանձնվել ճգնաժամի խաղաղ լուծման համար:

Նա հայտնել է, որ ձերբակալված ապստամբների թվում մոտ 200 անչափահաս՝ մինչև 18 տարեկան սովորողներ կան: Մարդասիրական նկատառումներով նրանց թույլ են տվել տուն վերադառնալ՝ թողնելով իրենց տվյալները, մինչդեռ մնացած 400 արմատականները ձերբակալվել են զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով:

Ինչպես հիշեցնում է ՏԱՍՍ-ը, առճակատումը պոլիտեխնիկականի մոտ սկսվել է կիրակի երեկոյան, երբ հարյուրավոր ուսանողներ այնտեղ սկսեցին անկարգություններ և հրկիզումներ, աղյուսներ և պայթուցիկ խառնուրդով շշեր նետեցին իրավապահների վրա, կրակեցին ինքնաշեն զենքերով: Այնուհետև ուսանողները բարիկադներ սարքեցին համալսարանի տարածքում: Նրանք օգտագործում էին պայթյունավտանգ քիմիական նյութեր, որոնք գողացել էին լաբորատորիաներից ռումբեր պատրաստելու համար: Իրավապահները շրջափակել են բուհի տարածքը և հարակից փողոցները, սակայն չեն գրոհել:

Որոշ ուսանողներ գիշերը փորձել են դուրս պրծնել տարածքից: Ոմանց դա հաջողվել է, մյուսները բռնվել են կամ ինքնակամ հանձնվել: Քերրի Լամը հայտնել է, որ ոստիկանության նոր կոմիսարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ճգնաժամի խաղաղ լուծման անհրաժեշըության շուրջ: Ապստամբ սովորողների հետ երկխոսության համար ներգրավվել են մանկավարժներ:

Ամռան սկզբին Հոնկոնգում զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին մի օրենքի նախագծի ընդունման մտադրության դեմ, որով թույլ էր տրվում իրավախախտներին արտահանձնել մայրցամաքային Չինաստանին: Չնայած օրենքը հետ կանչվեց, ընդդիմության կողմնակից ուսանողական երիտասարդությունը շարունակում է հակակառավարական ցույցերը: Դրանք ուղեկցվում են բռնությամբ, ճանապարհների փակումով, հրկիզումներով և վանդալիզմի գործողություններով: Հինգ ամսվա անկարգությունների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 4,5 հազար մարդ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: