ԱՄՆ Սենատը Հոնկոնգի իրավիճակի մասին օրենք է ընդունել
Փաստաթուղթն ուղարկվել է Ներկայացուցիչների պալատ, որը ավելի վաղ ընդունել է համանման օրինագիծ: Այժմ օրինագծի տեքստը, Կոնգրեսի երկու պալատների համաձայնության դեպքում, պետք է ներկայացվի ստորագրության ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
Սենատն ընդունել է նաև երկրորդ օրենքի նախագիծը, որը Հոնկոնգի ոստիկանության համար զենքի՝ արցունքաբեր գազի, ռետինե փամփուշտների և էլեկտրաշոկերների մատակարարման արգելք է սահմանում:
Այսուհանդերձ, ինչպես նշել է The Washington Post-ը, Թրամփը կարող է չստորագրել փաստաթուղթը, քանի որ ձգտում է առևտրային գործարք կնքել Չինաստանի հետ:
Համաձայն Սենատի ընդունած օրինագծի՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պետք է առնվազն ամենամյա հաճախականությամբ վկայություն տա Կոնգրեսին, որ Հոնկոնգը պահպանում է բավականաչափ ինքնավարություն, որպեսզի հավակնի Միացյալ Նահանգների հետ առևտրի արտոնության: Փաստաթուղթը նաև նախատեսում է պատժամիջոցներ այն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Հոնկոնգում մարդու իրավունքների խախտման համար:
Ցուցարարները Հոնկոնգում պատրաստվում են այսօր կրկին դուրս գալ փողոցներ և փակել ավտոճանապարհները, նաև խափանել երկաթուղային երթևեկությունը: Նրանք մտադիր են իրենց գործողությունները սկսել տեղի ժամանակով առավոտյան ժամը 5-ից, որպեսզի կաթվածահար անեն Հոնկոնգը առավոտյան պիկ ժամին: