Հայերեն   English   Русский  

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը դիմել է իրավապահներին


  
դիտումներ: 309

Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել շատ կարեւոր հարցի շուրջ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այն դեպքում, երբ քաղաքացին իր բնակարանը տալիս է վարձակալության կամ անհատույց օտգագործման իրավունքով այլ անձի, անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի վերջինս հաշվառվի ըստ բնակության վայրի: Ընդ որում, հաշվառում չունենալը խոչընդոտ է հանդիսանում մի շարք իրավունքների պատշաճ կարգով իրացման համար:

Շատ դեպքերում բնակարանների սեփականատերերը չեն տալիս գրավոր համաձայնություն կամ առանց գրավոր համաձայնության փաստացի բնակության հիմքով հաշվառված լինելու դեպքում, դիմում են ներկայացնում հաշվառումից հանելու համար:

Պատճառն այն մտավախությունն է, որ հաշվառումը կարող է փաստական հիմք հանդիսանալ բնակչի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման համար:

Առաջարկում եմ իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող անձանց, կազմակերպություններին կազմակերպել քննարկումներ նշված հարցի լուսաբանման, իրազեկման կապակցությամբ (հիմնականում քաղաքացիական իրավունքի մասնագետներին), քանի որ խնդիրը համատարած բնույթ է կրում:

Քննարկման եւ լուսաբանման օրակարգում առաջադրել հետեւյալ հարցերը

- հաշվառման փաստը կարող է սեփականության իրավունքի ձեռքբերման հիմք հանդիսանալ,

- եթե այո, որ դեպքերում:

Հ.Գ. Հիմնականում քաղաքացիներին շփոթության տեղիք է տալիս հետեւյալ իրավիճակը: ԽՍՀՄ տարիներին, երբ բնակֆոնդը պետական սեփականություն էր, սեփականաշնորհման գործընթացում սեփականության իրավունք ձեռքբերեցին բոլոր այն անձինք, ովքեր ունեին հաշվառում:

Տարիներ շարունակ այդ պրոցեսը շփոթության մեջ է դնում քաղաքացիներին: Բազմիցս պարզաբանվել է, որ եթե գույքը ունի սեփականատեր, վարձակալությամբ կամ օգտագործման իրավունքով հանձնելուց հետո հաշվառվելը չի կարող սեփականության իրավունքի ծագման հիմք հանդիսանալ:

Բացի այդ, քաղաքացիները շփոթում են տիրազուրկ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հետ, որը բնականաբար լրիվ այլ գործընթաց է եւ այլ իրավական, փաստական հիմքեր է ենթադրում: Այս առումով ակնկալում ենք նաեւ իրավապաշտպանների աջակցությունը հնարավորինս լայն շրջանակներում քաղաքացիներին իրազեկելու համար, քանի որ շատ եմ կարեւորում պետություն-իրապաշտպան փոխգործակցությունը»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: