Հայերեն   English   Русский  

​Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին կոռուպցիայի մեղադրանք է առաջադրվել


Նրան մեղադրում են կաշառակերության, խարդախության և վստահության չարաշահման համար


  
դիտումներ: 953

Նաթանյահուն հերքում է բոլոր մեղադրանքները իր հասցեին և դրանք բնորոշում է որպես հեղաշրջման փորձ: Նա ասում է, որ դարձել է «վհուկների որսի» զոհ իր ընդդիմախոսների և ԶԼՄ-ների կողմից: Նա չի պատրաստվում մեղադրանքների պատճառով թողնել իր պաշտոնը:

Սա Իսրայելի պատմության մեջ գործող վարչապետին մեղադրանք ներկայացնելու առաջին դեպքն է:

Այժմ Նաթանյահուն 30 օր ունի, որպեսզի համոզի խորհրդարանին իրեն իմունիտետ ընձեռել քրեական հետապնդումից: Եթե Կնեսետը նրան իմունիտետ չտա, ապա քրեական նախաքննություն կսկսվի:

Սակայն մեղադրանքները կարող են 70-ամյա Նաթանյահուի կարիերայի վրա նաև այլ կերպ ազդել: Նաթանյահուի հիմնական մրցակից Բենի Գանցի «Կահոլ-Լավան» կուսակցությունը վաղուց է ասել, որ երկիրը չի ուզում կոռուպցիայի համար մեղադրվողին տեսնել վարչապետի պաշտոնում: Նման հայտարարությամբ կուսակցությունը հանդես է եկել անմիջապես Նաթանյահուին մեղադրանք ներկայացվելուց հետո:

«Կոռուպցիայի մեղադրանքներով վարկաբեկված վարչապետը բարոյական և սոցիալական իրավունք չունի որոշումներ կայացնելու Իսրայելի պետության անունից»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ:

Երեկ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը խորհրդարանին երեք շաբաթ տվեց, որպեսզի կողմնորոշվի վարչապետի թեկնածուի հարցում և խուսափի տարվա մեջ երրորդ անգամ ընտրություններ անցկացնելուց: Մինչ այս կոալիցիոն կառավարություն ձևավորել չհաջողվեց թե՛ Նաթանյահուին, թե՛ Բենի Գանցին: Այս իրավիճակը, երբ կառավարություն ձևավորելու իրավունքն անցել է Կնեսետի պատգամավորներին, աննախադեպ է Իսրայելի համար:

Ինչի՞ համար են մեղադրում Նաթանյահուին

Այն գործերը, որոնցով մեղադրում են Նաթանյահուին, կրում են Գործ 1000, Գործ 2000 և Գործ 4000 անվանումները: Գործ 1000-ում Նաթանյահուին, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2009-ից, կասկածում են առնվազն միլիոն շեկել արժողությամբ (280 հազար դոլարից ավելի) նվերներ ստանալու մեջ հոլիվուդյան մագնատ և պրոդյուսեր Առնոն Միլչենից և իր ուրիշ կողմնակիցներից:

Ինչպես տեղեկացնում է Jerusalem Post-ը, նվերների թվում եղել են սիգարներ և շամպայն: Այդ կերպ Միլչենը «հատուցել» է ամերիկյան վիզաներ ստանալու հարցում օգնության դիմաց:

Ինչպես արձանագրված է ոստիկանության պաշտոնական հայտարարությունում, նվերները ստանալուց հետո Նաթանյահուն ջանասիրաբար առաջ է մղել այսպես կոչված «Միլչենի օրենքը», որը 10 տարով կազատեր հարկեր վճարելուց այն իսրայելցիներին, որոնք հայրենիք են վերադարձել արտասահմանից: Այդ փաստաթղթի ընդունմանը խանգարել է ֆինանսների նախարարությունը:

Բացի այդ, ոստիկանությունը կասկածում է վարչապետին խարդախության և իր պարտականությունները խախտելու մեջ՝ կապված ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փեկերի գործի հետ: Ինչպես հաղորդել է անցած տարվա դեկտեմբերին իսրայելական Channel 10-ը, Փեքերը պատմել է քննիչներին, որ նվերներ է տվել վարչապետին և նրա կնոջը՝ Սառային:

Գործ 2000-ում Նաթանյահուն իբրև թե խնդրել է «Եդիոտ ախրոնոտ» («Վերջին լուրեր») ազգային օրաթերթի հրատարակչին Իսրայելի իշխանությունների գործունեությունը լուսաբանել դրական լույսի ներքո թերթի անմիջական մրցակիցներին սանձահարելու գործում օգնության դիմաց: Ոստիկանությունը կարծում է, որ մեղադրանքներն այդ գործով հարկ է ներկայացնել «Եդիոտ ախրոնոտ» թերթի խմբագիր Առնոն Մոզեսին:

Գործ 4000 գործն ամենալուրջն է համարվում, քանի որ Նաթանյահուին, բացի խարդախությունից և վստահության չարաշահումից, մեղադրանք են ներկայացրել կաշառակերության համար: Ենթադրվում է, որ վարչապետն արտոնություններ է տվել «Բեզեկ» հեռուստաընկերությանը նրա Walla կայքում դրական լուսաբանման փոխարեն:

Աղբյուրը՝ BBC





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: