Հայերեն   English   Русский  

Ադրբեջանցի բլոգերը կարող էր թքել դահլիճում, ու նա ոչ թե կթքեր Նիկոլ Փաշինյան անձի, այլ հայ ազգի վրա. Միհրդատ Մադաթյան


  
դիտումներ: 234

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերլուծաբան Միհրդատ Մադաթյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իտալիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ժամանակ ադրբեջանցի բլոգերի հետ կապված միջադեպին, ասաց, որ ակնհայտ էր, որ այդ անձը բլոգեր չէր ու իր կարծիքով՝ Փաշինյանի ու նրա միջև երկխոսությունը ևս պոպուլիստական քայլ էր:

«Չեմ կարծում, որ ՀՀ վարչապետի անվտանգությունն այնքան թույլ էր, որ ադրբեջանցի բլոգերն իր ոտքով եկավ մտավ ներս: Կարծում եմ, որ դա զգուշացված էր: Մենք բոլորս՝ հանրության շատ ներկայացուցիչներ, ունենալով շատ խնդիրներ, Հայաստանում, որտեղ շատ ավելի անվտանգ միջավայր պետք է լինի Նիկոլ Փաշինյանի համար, չենք կարողանում մոտենալ նրան՝ որևէ հարց տալու կամ առօրեական խնդիրները բարձրաձայնելու համար:

Անգամ Կառավարության դիմաց, երբ մարդիկ գալիս են իրենց բողոքներն են արտահայտում, վարչապետը չի իջնում նրանց հետ հանդիպելու: Ու այս պարագայում թույլ տրվեց բլոգերին շփում ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ, այսինքն սա նույնպես պոպուլիստական քայլ էր, որ տեղի ունեցավ: Ու ամենահետաքրքիրն այն էր, որ հակադարձումը, որ տվեց բլոգերին Նիկոլ Փաշինյանը, հակադարձեց Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի և այլոց նվաճումներով, որոնք որ անմիջական մասնակցություն են ունեցել Արցախի ինքնորոշման հարցում, և իրենց կյանքը վտանգելով՝ այդ ամենը հասցրել են մեզ, որ մենք ունենանք ազատ Արցախ: Եվ սա արվեց այն ժամանկ, երբ այդ մարդիկ գտնվում են հետապնդման կամ բանտարկության մեջ, երբ այդ մարդիկ անձնական կտտանքների են ենթարկվում հենց Նիկոլ Փաշինյանի կողմից»:

Ըստ վերլուծաբանի ադրբեջանցի բլոգեր ներկայացած մարդը կարող էր Նիկոլ Փաշինյանի հետ երկխոսության ընթացքում անել որևէ բան, որը կնսեմացներ մեր ազգին:

«Նա կարող էր ասենք թքել, դրա համար որոշակի տուգանք կմուծեր Ադրբեջանի կառավարությունը ու վերջ, իսկ մենք աշխարհով մեկ կլինեինք խայտառակ: Ու եթե անվտանգության աշխատակիցները սրա համար չեն, այդ դեպքում ինչու՞ եմ ես հարկեր վճարում: Այս հարցում՝ Ադրբեջանի դեմ Նիկոլ Փաշինյանն իմն է, ու այստեղ ադրբեջանցին չէր թքելու Նիկոլ Փաշինյան անձի վրա, այլ թքելու էր հայ ազգի վրա, ու ինչ էինք մենք այդ ժամանակ ունենալու՞: Այս պարագայում, եթե չէին գնահատել այս ռիսկերը, ուրեմն անվտանգության աշխատակիցները իմ մուծած հարկերից անիմաստ աշխատավարձ են ստանում, իսկ եթե գնահատել էին, ապա այս ամենը սարքած թատրոն էր»:

Մադաթյանը նշում է, որ Փաշինյանը երկխոսության մեջ մտնելով ադրբեջանցու հետ հնարավոր է ռետինգի խնդիր էր լուծում:

«Նույն հաջողությամբ կարող էր մի ադրբեջանցի կիլլեռ մտնել դահլիճ, կամ մեկը, որ գրպանում քիմիական զենք ուներ ու ոչնչացներ բոլորին: Վստահ կարող եմ ասել, որ այդ մարդուն,. որ կարողացել է մտնել հայակական միջավայր, հերոսացնելու են Ադրբեջանում: Իսկ մեր վարչապետը այդ պարագայում դեմոկրատ է ձևանում:

Չի կարելի այլ բան սպասել մեկից, որ անում է աբսուրդի հասնող բան՝ Ապրիլյան պատերազմի հետաքննություն, ու այսօր խոսում է, որ իր անվտանգությունը պատրաստ չէր: Պետք է նկատենք, որ այդ անվտանգությունը խաղաց Իտալիայի հայ համայնքի անվտանգության հետ, այդ մարդիկ իր երկրպագուններն էին, եկել էին իր մոտ ու իրենց անվտանգությունը շատ սուր վտանգվեց: Եկեք քրեական գործ հարուցենք այս դեպքով, հասկանանք ովքեր են մեղավոր ու պատժենք մեղավորներին»,-նշեց վերլուծաբանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: