Հայերեն   English   Русский  

​Կոլումբիայի մայրաքաղաքում զանգվածային ցույցերի պատճառով պարետային ժամ է մտցվել


Ընդվզման ալիքը հասավ նաև Կոլումբիա


  
դիտումներ: 966

Բոգոտայի քաղաքապետ Էնրիկե Պենյալոսան երեկ զանգվածային անկարգությունների և ընդվզումների իրավիճակում հայտարարեց Կոլումբիայի մայրաքաղաքում պարետային ժամ մտցնելու մասին: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ հղում անելով EFE գործակալությանը:

Ինչպես նշվում է, Կոլումբիայի մայրաքաղաքի քաղաքապետը պարետային ժամ է մտցրել երկրի նախագահ Իվան Դուկեի խնդրանքով, որը հիմնավորել է այդ միջոցը քաղաքում անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

Ըստ EFE գործակալության տվյալների՝ ցուցարարների մեծ մասը ուսանողներ են: Նրանք դժգոհություն են հայտնում Դուկեի սոցիալական և տնտեսական քաղաքականությունից: Ցուցարարները փողոց են դուրս գալիս կաթսաներով ու թավաներով, որպեսզի աղմուկ ստեղծեն: Հինգշաբթի Բոգոտայում զանգվածային ցույցերի հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, 98 ցուցարարի բերման են ենթարկել: Պաշտպանության նախարար Կառլոս Հոլմս Տրուխիլիոն անկարգությունների հասցրած վնասը գնահատել է 20 մլրդ կոլումբիական պեսո (մոտ 5,8 մլն դոլար):

Նշենք, որ հինգշաբթի ողջ Կալումբիայում հանրահավաքներ և ցույցեր տեղի ունեցան: Քաղաքացիները դժգոհություն հայտնեցին նախագահ Իվան Դուկեի վարչակազմի վարած սոցիալական և տնտեսական քաղաքականությունից: Կարգուկանոնի ապահովման համար կառավարությունը որոշեց մինչև ուրբաթ առավոտ փակել բոլոր ցամաքային և գետային սահմանները: Ըստ ՆԳՆ-ի տվյալների՝ ողջ երկրում գործադուլին մասնակցել է 2017 հազար մարդ:

Երեկ ՏԱՍՍ-ը մեջբերեց Ամերիկյան պետությունների կազմակերպությանն առընթեր Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովի հաղորդագրությունը:

«Համազգային գործադուլի ժամանակ բերման է ենթարկվել 112 ցուցարար, 40 մարդ տուժել է Կոլումբիայի ոստիկանության կողմից չափից ավելի ուժ կիրառելու հետևանքով: Հիշեցնենք, որ իրավապահ մարմինները պետք է օգտագործվեն բռնության կանխման և հանրահավաքներին ու ցույցերին մասնակցելու իրավունքի ապահովման, ոչ թե խաղաղ ցուցարարներին բերման ենթարկելու համար»,- ասվում է հանձնաժողովի հայտարարությունում:

Իրավապաշտպանները միաժամանակ դատապարտել են վանդալիզմի գործողությունները, որոնք կատարել են ցույցերի մասնակիցները Կոլումբիայի մի շարք շրջաններում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: