«Հրապարակ». Իսկ արդյո՞ւնքը. ով է հետևում, թե բյուջեի վրա մեծ ծախս նստող այցերի արդյունքում ինչ է ստացել Հայաստանը
Մենք՝ որպես փոքր «ածու», մեզ շոյված ենք զգում, երբ մեր ղեկավարներին տեսնում ենք զարգացած երկրների կառավարություններում ու պառլամենտներում, և հույս է ծագում, որ մի օր մենք էլ այդ երկրներին կնմանվենք, ծաղկուն տնտեսություն ու առաջադեմ կառավարման համակարգ կունենանք։
Բայց եթե շարքային քաղաքացուն այս տեսարանները բավարար են, որ ինչ-որ ժամանակ գոհ ու երջանիկ զգա իրեն և հավատա, որ մեր երկիրը ճիշտ հունով է գնում, ու մեզ բան չի մնացել Իտալիային հասնելու համար, ապա հանրության մտածող հատվածը կոնկրետ արդյունքներ է ուզում։
Եվ ուզում է հասկանալ, թե այդ «տուրիստական» այցերից ինչ արդյունք կա։ Ասենք, օրինակ, 2018-ի հունիսին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ և Կանադա մեկնեց, ու մեծադղորդ հայտարարություններ արեցին, թե պայմանավորվածություններ են ձեռք բերվել, և շուտով ներդրումներ են գալու այդ երկրներից։ Նույն՝ 2018-ի հունիսին Իտալիա մեկնեց նաև այն ժամանակ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը՝ ներդրումներ բերելու։
Էլի շատ ուղևորություններ եղան։ Այս տարվա հուլիսին էլ վարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Չինաստան-Սինգապուր։ Նորից ընդունում-ճանապարհումների տեսարաններ, ճոխ հաղորդագրություններ՝ ձեռք բերված պայմանավորվածությունների ու բանակցությունների մասին։
Արդյո՞ւնքը։
Օրերս ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, օրինակ, խոսում էր, որ Չինաստանի հետ զրո հարաբերություններ ունենք։ Եվ առհասարակ՝ ո՞վ է հետևում, թե բյուջեի վրա մեծ ծախս նստող այս այցերի արդյունքում ինչ է ստացել Հայաստանը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: